Արմինֆո.«Ելք» նախընտրական դաշինքի անադեկվատ հայտարարությունները Գագիկ Ծառուկյանի հասցեին պայմանավորված են Ծառուկյանի և նրա գլխավորած դաշինքի աճող վարկանիշով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով նրա հասցեին «Ելք» դաշինքի ներկայացուցիչների քննադատությանը:
«Ծառուկյանի և նրա գլխավորած դաշինքի աճող վարկանիշը, ժողովրդի անվերապահ աջակցությունն ու սերը, ըստ երևույթին, խուճապի մեջ են գցել «Ելք» դաշինքի ներկայացուցիչներին և ստիպել հանդես գալ նման անադեկվատ հայտարարություններով: Բայց միայն ժողովուրդն իրավունք ունի դատել այս կամ այն քաղաքական գործչին կամ քաղաքական դիակին, ժողովուրդը լավ գիտի՝ ով ով է»,- հայտարարել է Տոնոյանը:
Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ, «Ելքի» դաշինքի համամասնական ցուցակում երկրորդ տեղում գտնվող Արամ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի ամենահարուստ մարդն ընդդիմադիր չի կարող լինել, քանի որ ամենափոքր ձեռնարկություն հնարավոր չէ բացել առանց իշխանության համաձայնության: Սակայն Սարգսյանին վրդովում է ոչ միայն Ծառուկյանի «կեղծ ընդդիմադիր լինելը», այլև՝ նրա ինտելեկտի ցածր մակարդակը: «Դուք միայն լսեք, թե ինչ է ասում Ծառուկյանը ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, ինչ անհեթեթություններ է շարում. «ժողովուրդ, մենք մեր գործունեությամբ գիտենք, որ դուք մեզ սիրում եք»: Պատկերացրեք` այդ մարդը հաղթում է ընտրություններում և երկիրը ներկայացնում է, ասենք, ՄԱԿ-ում, և արտասանում է այդպիսի մարգարիտներ», - նշել է Արամ Սարգսյանը: «Ելք» ընդդիմադիր դաշինքի երրորդ համար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սարգսյանը կանխամտածված է թույլատրել Ծառուկանին վերադառնալ քաղաքականություն, որպեսզի խորհրդարանական ընտրություններում նա որքան հնարավոր է շատ ձայն խլի ընդդիմությունից: Փաշինյանը միաժամանակ համոզմունք է հայտնել, որ ընտրություններում հաջողության դեպքում Ծառուկանը կամ կոալիցիա կկազմի ՀՀԿ հետ, կամ կդառնա իշխանությունների կողմից վերահսկվող ընդդիմությունը:
Նշենք, որ Ծառուկյանն օրերս հայտարարել էր, որ մտադիր չէ կոալիցիա կազմել Հանրապետական կուսակցության հետ: