Արմինֆո.«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը հանդես է գալիս Հայաստանում օրինականացնել մարմնավաճառությունը: Այս մասին նա հայտարարել է մարտի 20-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում:
Մասնավորապես, նա հայտարարել է գիշերային և սթրիպ-ակումբների գործունեությունը կարգավորելու անհրաժեշտության մասին, քանի որ այդ հաստատությունները, լինելով քաղաքի կենտրոնում, խանգարում են մայրաքաղաքի բնակիչներին: Սակայն, նրա կարծիքով, նման հաստատությունների լիցենզավորումը և քաղաքում հատուկ թաղամասի հատկացումը կարող է միայն դրական անդրադառնալ նրանց գործունեության վրա: Իսկ մարմնավաճառության հարցում, նրա կարծիքով, կա երկու տարբերակ: «Մենք պետք է կամ հետևենք Հյուսիսային Կորեայի օրինակին և նրանց սպանենք հենց փողոցներում, կամ էլ օրինականացնենք և լիցենզավորենք նման ծառայություներ տրամադրող անձանց»,-ընդգծել է նա: Բագրատյանը գտնում է, որ նման հարցերում հայ հանրությունը պետք է լինի առաջադեմ, հաշվի առնի համաշխարհային միտումները, մանավանդ, որ նման ծառայությունների հարկումը կարող է դրականորեն անդրադառնալ բյուջեի վրա:
Իր հերթին, ՀՀ կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանն ասել է, որ ՀԿԿ կառավարաման օրոք երկրում չի եղել մարմնավաճառություն, քանի որ հասարակությունը դատապարտում էր նման երևույթները: Նա նաև խստորեն քննադատել է Բագրատյանին, ով, իր կարծիքով, ինկել է արևմտյան հոսանքների ազդեցության տակ ու չի գիտակցում, թե ինչ վնաս կարող են երկրին պատճառել մարմնավաճառությունը և ակումբները: «Բագրատյանը մոլորեցնում է հասարակությանը: Չեմ հասկանում, թե նրա ինչին է պատք դա, չէ որ նա արդեն 50-60 տարեկան է», - ասել է Հայաստանի գլխավոր կոմունիստ: Սարգսյանը նշել է, որ ՀԿԿ-ն իր արտաքին և ներքին քաղաքականությամբ կպայքարի բոլոր բացասական երևույթների դեմ և արմատախիլ կանի մարմնավաճառությունը և աղանդները: «Ես հիմա չեմ կարող պատկերացնել նրանց դեմ պայքարի բաղադրատոմսը, բայց դրանք կլինեն», - խոստացել է կոմունիստը: