Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 20 Մարտի 2017 14:14

Տաթևիկ Շահունյան

Հովհաննես Սահակյան. Եթե ընտրությունները տեղափոխվեն ապրիլի 9-ին, կարող են Ընտրական օրենսգրքի նորմերի կատարման հետ կապված խնդիրներ առաջանալ

Հովհաննես Սահակյան. Եթե ընտրությունները տեղափոխվեն ապրիլի 9-ին, կարող են Ընտրական օրենսգրքի նորմերի կատարման հետ կապված խնդիրներ առաջանալ

Արմինֆո.: Եթե ընտրությունները տեղափոխվեն ապրիլի 9-ին, կարող են Ընտրական օրենսգրքի դրույթների կատարման հետ կապված խնդիրներ առաջանալ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով ընտրություններն ապրիլի 2-ից 9–ը տեղափոխելու անհրաժեշտության վերաբերյալ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի հայտարարությանը:

 

«Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե որքան օր է հատկացվում նախընտրական քարոզչությանը, մինչև ընտրությունները «լռության» օրը:  Բացի այդ, արդեն հանրապետությունում են գտնվում միջազգային դիտորդներ, որոնց առաքելությունների ժամկետները հստակ կանոնակարգված են: Եթե ընտրությունները տեղափոխվեն ապրիլի 9-ին, խնդիրներ կառաջանան Ընտրական օրենսգրքի նորմերի կատարման հետ կապված՝ արդյոք նախընտրական քարոզարշավը երկարաձգել ևս մեկ շաբաթով, բայց ԸՕ-ն սահմանում է քարոզարշավի համար հստակ քանակությամբ օրեր կամ մինչև ընտրությունները շաբաթվա ընթացքում պահպանել «լռություն», սակայն նման նորմ ընտրական օրենսդրությունում ևս չկա»,- պարզաբանել է խորհրդարանականը:

 

Ըստ որում, նա ընդգծել է, որ եթե ընդդիմությունն ընտրությունները մեկ շաբաթով հետաձգելու ցանկություն ուներ, անհրաժեշտ էր նման առաջարկով հանդես գալ մինչև նախընտրական քարոզչություն սկսելը: «Փետրվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ իշխանություները պատրաստ են հետաձգել ընտրությունները, եթե քաղաքական բոլոր ուժերն այդ հարցի շուրջ փոխհամաձայնության գան, այդ ժամանակ նման առաջարկներ կուսակցությունների և դաշինքների կողմից չհնչեց»,- նշել է Սահակյանը: 

 

Նշենք, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ` ընտրությունների օրն ապրիլի 2-ից 9-ը հետաձգհելու անհրաժեշտության վերաբերյալ: «Հունվարի 21-ին Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն էր տարածել Ազգային ժողովի ընտրությունների օրը ապրիլի 2-ից տեղափոխելու եւ ապրիլի 21-30-ի միջակայքում նշանակելու անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով երկու հանգամանք. իրավական՝ դրա հակասահմանադրականությունը եւ բարոյական՝ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օրվա հետ դրա համընկնումը։ Քանի որ դա տեղի չունեցավ, Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը Ազգային ժողովում ստորագրահավաք կազմակերպեց այս հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար, սակայն, ցավոք, հնարավոր չեղավ հավաքել պատգամավորների՝ անհրաժեշտ թվով ստորագրություններ։ Մյուս կողմից, սակայն, իշխանությունը հնարավոր համարեց ընտրությունները «մի քանի օրով» տեղաշարժելը, եթե այդ հարցում լինի մասնակից քաղաքական ուժերի համաձայնությունը։ Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի առաջին տարելիցը միայն նրանց հարազատներին ու մտերիմներին չի վերաբերում։ Ինչպես մեկ տարի առաջ, դրա արժեւորումն ու վերաբերմունքը համազգային ընդգրկում է ունենալու։ Այդ օրը բոլորս ենք մասնակցելու զոհերի հիշատակի հարգման արարողություններին, ուստիեւ նույն օրը համապետական ընտրությունների անցկացումը, մեղմ ասած, անպատեհ է։ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կոչ է անում ընտրություններին մասնակից դաշինքներին եւ կուսակցություններին համաձայնության գալ այս հարցում եւ առաջարկել իշխանությանը ԱԺ ընտրությունները  ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ը», - ասվում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախըտրական շտաբից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1372

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի