Արմինֆո.«Հաց բերողի» մահվան կապակցությամբ Արցախյան պատերազմի հերոսը Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը «Արմավիր» քրեակատարողական հաստատությունից հանդես են եկել հայտարարությամբ:
«Հաց Բերող Արթուր Սարգսյանն անգամ իր մահով ծառայեց Հայրենիքին և քաղաքացուն: Այսօր մենք ավելի շատ պետք է մտածենք նրա ինքնազոհաբերության համազգային ուղերձի մասին՝ ամեն գնով ու ոչինչ չխնայելով մեր ջանքերը համախմբել հանուն գաղութային վարչակազմի հեռացման, Արցախի իրավական միացման, պետական ինքնիշխանության և ժողովրդավարության: Սրանք քայլեր են, որ պետք է կազմեն մեր համազգային օրակարգը՝ նախադրյալներ ստեղծելով Կուր-Արաքսյան նոր հանրապետության կայացման և Հայրենիքի ամբողջական վերատիրացման ու հայության բոլոր իղձերի իրականացման համար: Արթուր Սարգսյանին տանջամահ անելով, գաղութային վարչակազմն ուզեցավ սպանել մեր այս իղձերը: Սակայն Արթուրն իր կենսահավատ վճռականությամբ կյանքի գնով հաղթեց մահին և, անմահների շարքն անցնելով, ոգեշնչեց և ուժ տվեց բազմահազար պայքարողներին: Արթուրն իր օրինակով նաև վերասահմանեց և բոլորիս որպես պատգամ թողեց մարդու, հայի և քաղաքացու այն անհրաժեշտ չափանիշները, առանց որոնց մենք դատապարտված էինք լինելու: Ցավակցություն հայտնելով Արթուրի հարազատներին և մեր ժողովրդին, միևնույն ժամանակ կոչ ենք անում հավատարիմ մնալ կյանքը չխնայելով մեզ Հաց ու Հավատ բերած նրա բազմախորհուրդ պատգամին», - ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Սարգսյանը ձերբակալվել էր և գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Մարտի 5-ին գլխավոր դատախազը բավարարել էր «Սասնա ծռերի» գործողություններին մեղսակցության համար մեղադրվող Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մի շարք պատգամավորների միջնորդությունը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու» դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով: Նա կալանավորվել էր, այնուհետև ստորագրությամբ ազատ էր արձակվել մի շարք ծանր հիվանդությունների առնչությամբ, որոնք անհամատեղելի են կալանքի պայմանների հետ: Սակայն փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանին կրկին կալանավորել էին` խափանման միջոցը խախտելու համար: Դրանից հետո նա հացադուլ էր հայտարարել, և նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր: Մարտի 16-ին նա տեղափոխվել էր հիվանդանոց: