Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է ՀՀ ոստիկանությանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով իրականացնել ստուգողական գործողություններ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, ոստիկանությունը միջադեպի հետ կապված նյութեր է նախապատրաստում:
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու, պետական գույքի կառավարման վարչության ղեկավար և ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանի կողմնակիցները փորձել են հաշվեհարդար տեսնել «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու, «Չերի» ռեստորանի սեփականատեր պատգամավոր Վահան Կարապետյանի նկատմամբ:
Այդ առնչությամբ «Ծառուկյան» դաշինքի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը և նրա թիմը այլևս հասկացել է, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին և թմրամոլներին: Հաշվի առնելով ընտրական փուլը՝ «Ծառուկյան» դաշինքը չի տրվելու որևէ սադրանքի, բայց ապրիլին 2-ին հաջորդելու է ապրիլի 3-ը և բոլոր մեղավորները՝ փոքր տրամաչափի խուժանից մինչև այս միջադեպի կազմակերպիչը, ստանալու են իրենց արժանի պատասխանը: Վահան Կարապետյանը տրամադրված է մարտական և վճռական և նույն ոգևորությամբ թե՛Վահանը և թե՛ մեր ողջ թիմը շարունակելու է քարոզարշավը՝ մեր երկրում լրջագույն փոփոխություններ իրականացնելու համար»:
Ինքը` Արման Սահակյանը, հավաստիացրել է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, և կատարվածի մեջ պետք չէ ենթատեքստ փնտրել: