Արմինֆո. Նախօրեին մահացած Արթուր Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանին և դատավոր Ա. Մկրտչյանին մեղադրել է իր առողջական վիճակի հետագա վատթարացման համար:
«Չմասնավորեցնելով գործով անօրինական գործողությունների փաստական հանգամանքները` գտնում եմ, որ բոլոր գործողությունները, թե Էդ. Հակոբյանի, և թե դատավոր Մկրտչյանի կողմից ապօրինի են, չեն բխում ՀՀ օրենքներից, ինչպես նաև հաշվի չառնելով իմ առողջական ծանր վիճակը, հայտարարում եմ հացադուլ: Հայտարարում եմ նաև, որ իմ հետագա առողջական էլ ավելի վատթարացման դեպքում մեղավոր ճանաչել Էդ.Հակոբյանին և Ա. Մկրտչյանին, քանի որ նրանք իրենց գործողություններով դրդեցին ինձ այս քայլին», - ընդգծել է Արթուր Սարգսյանը` փետրվարի 10-ին հացադուլի վերաբերյալ իր հայտարարությունում:
Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու համար:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռերին» սնունդ հասցնելու համար կալանավորված Արթուր Սարգսյանը դեկտեմբերի վերջին ազատ էր արձակվել ստորագրությամբ` կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների առկայության առնչությամբ: Սակայն փետրվարի 9-ին կրկին կալանավորվել էր «խափանման միջոցի պայմանները խախտելու» պատճառով: Դրանից հետո Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարրաել, հրաժարվելով բուժօգնությունից, ինչի հետևանքով նրա առողջական վիճակն օրեցօր վատթարանում էր: Մարտի 5-ին նրան ազատ էին արձակել` մի շարք պատգամավորների երաշխավորությամբ: Մարտի 16-ին ծայրահեղ ծանր վիճակում Արթուրին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ վիրահատությունից հետո նա մահացել է: