Արմինֆո.Լոռու մարզի Օձուն գյուղում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հերթական միջադեպն է տեղի ունեցել դաշինքի և Հանրապետական կուսակցության կողմնակիցների միջև:
Ինչպես նշվում է դաշինքի հաղորդագրության մեջ, քարոզարշավի ընթացքում
վերջինիս անդամները հարձակման են եթարկվել ՀՀԿ աջակիցների կողմից: «Ըստ էության, ՀՀԿ կողմնակիցներն այդպիսով խոչընդոտել են գյուղում մեր դաշինքի քարոզչությանը»,- ասված է հայտարարության մեջ: Փաստի առնչությամբ ՕՐՕ դաշինքը դիմել է իրավապահ մարմիններին:
Նշենք, որ նախընտրական քարոզարշավն աչքի է ընկնում ՀՀԿ և նրա թեկնածուների հատկապես ագրեսիվ տրամադրվածությամբ՝ չնայած երկրի բարձրագույն ղեկավարության հավաստիացումներին, որ ընտրական գործընթացը պետք է լինի բյուրեղյա մաքրության և ժողովրդավարական:
Օրերս երկու միջադեպ էր տեղի ունեցեծ Ջրառատ գյուղում` ՕՐՕ դաշինքի և ՀՀԿ կողմնակիցների միջև, ինչի արդյունքում կան վիրավորներ: Ավելի վաղ Արագածոտնի մարզում ՀՀԿ պատգամավորության թեկնածու Բազմասեր Առաքելյանը ծեծել էր ՀՅԴ կողմնակցին:
Երեկ ուշ երեկոյան ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու, պետական գույքի կառավարման վարչության ղեկավար և ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանի կողմնակիցները փորձել են հաշվեհարդար տեսնել «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության թեկնածու, «Չերի» ռեստորանի սեփականատեր պատգամավոր Վահան Կարապետյանի նկատմամբ: Ինքը` Արման Սահակյանը, հավաստիացրել է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, և կատարվածի մեջ պետք չէ ենթատեքստ փնտրել: