Արմինֆո. ՕՐՕ դաշինքը հայտարարել է հետընտրական ազգային համաձայնության կոալիցիա ձևավորելու պատարստակամության մասին:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում ասվում է.
«- Լի վճռականությամբ՝ նպաստելու Հայաստանում ազգային համաձայնության մթնոլորտի ձեւավորմանը, բոլոր առողջ ուժերի համախմբմանը ու միասնաբար կառուցելու ազատ, արդար, բարեկեցիկ, հզոր ու անվտանգ պետություն,
- Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավաքական կամքով՝ իրականացնել երկրում արմատական եւ համակարգային բարեփոխումներ,
- Վճռական՝ վերականգնելու Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգը, տնտեսական ազատ մրցակցությունը, ապահովել յուրաքանչյուր մարդու ազատությունների, իրավունքների եւ արժանապատվության պաշտպանությունը եւ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին,
- Նպատակ ունենալով վերջ դնել երկրում համակարգային կոռուպցիային, իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհին, ամենաթողությանը, տնտեսության անարդյունավետ կառավարմանը եւ համատարած ապօրինություններին,
- Եվ գիտակցելով այն պարզ իրողությունը որ նախընտրական այս շրջափուլում ՀՀԿ-ի կողմից բանեցվող ընտրախախտումները եւ բռնությունները, Ջրառատում իրականացված հանցագործությունը, իշխանության ապօրինի գործողությունների հետեւանքով Հաց բերող Արթուր Սարգսյանի վաղաժամկետ մահը լցրել են Հայաստանի ժողովրդի համբերության բաժակը եւ ՀՀԿ-ի իշխանությանը մնացել է ընդամենը երկու շաբաթվա կյանք՝
Իր պատրաստականությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով ընտրվելուց հետո այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միասնաբար ձեւավորել Ազգային համաձայնության կոալիցիոն իշխանություն՝ բացառելով դրանում ՀՀԿ-ի ներգրավվումը, որի կապակցությամբ միասնաբար քննարկել եւ ստորագրել համապատասխան հուշագիր»:
Հիշեցնենք, որ Gallup International Association-ի անցկացրած հարցման արդյունքների համաձայն, Հայաստանի նոր խորհրդարան կանցնի 4-5 քաղաքական ուժ: Հարցման արդյունքների համաձայն, եթե ընտրություններն անցկացվեն վաղը, ապա ձայները կբաշխվեին հետևյալ կերպ. «Ծառուկյան» դաշինք` 26.4%, ՀՀԿ` 22.8%, «Ելք» դաշինք` 4.3%, ՀՅԴ` 3,9 %, «Ազատ դեմոկրատներ»` 3.4%, «Հայկական վերածնունդ»` 2.7%, ՀԱԿ-ՀԺԿ դաշինք` 2.6%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք`1.8 % և ՀԿԿ` 1%: Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի կողմից իրականացված`«Սոցիալ-քաղաքական իրավիճակը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախօրեին» հետազոտության տվյալների համաձայն, ընտրազանգվածի կուսակցության վարկանիշի առաջատարն է «Ծառուկյան» դաշինքը (26%), երկրորդ տեղում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (19%), ընտրական շեմը (5% կուսակցությունների և 7% դաշինքների համար) հաղթահարելու եզրին են գտնվում երեք ուժեր`«Ելք», ՀՅԴ և «Հայկական վերածնունդ», մնացած քաղաքական ուժերը` 1-ական տոկոս: