Արմինֆո.ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սպանած ռեժիմի ներկայացուցիչն է: Մարտի 17-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Շարմազանովի այն հայտարարությանը, թե ընդդիմությունը կփորձի Արթուր Սարգսյանի մահն օգտագործել խորհրդարանական ընտրությունների նախաշեմին լրացուցիչ շահաբաժին ստանալու համար:
«Թող պարոն Շարմազանովը որոշակիացնի իր հայտարարության հասցեատերերին, այն ժամանակ էլ ես կարձագանքեմ: Նման մեղադրանքները, պարզապես, տեղին չեն, քանի որ Սարգսյանի կալանավորման առաջին իսկ օրերից մենք պայքարում էինք նրա անհապաղ ազատ արձակման համար», - ասել է Փաշինյանը: Նա ընդսմին ընդգծել է, որ եթե Սարգսյանին ազատ արձակեին փետրվարի 13-ին, երբ իրենք առաջին անգամ նման խնդրանքով դիմել էին գլխավոր դատախազին, ապա այսօր նա ողջ կլիներ:
Փաշինյանը, միևնույն ժամանակ, հավելել է, որ Հայաստանում ամեն վատ բանի հեղինակը կամ համահեղինակը իշխանությունն է: «Թող գլուխները պատին խփեն և շարմազանովները, և սերժ սարգսյանները, որոնք փորձում են մեզ մեղադրել Արթուր Սարգսյանի մահից շահաբաժին վաստակելու փորձի համար», - եզրափակել է Փաշծինյնաը: