Արմինֆո. Ադրբեջանական իշխանությունների կողմից ուժի և ուժի կիրառման սպառնալիքի վրա հիմնվելը շարունակում է մնալ տարածաշրջանում լարվածության պահպանման հիմնական պատճառ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորել են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից, այդ մասին հայտարարել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը` մարտի 15-ին Հունաստանի Պելոպոնեսի համալսարանին կից Միջերկրական, մերձավորարևելյան և իսլամական հետազոտությունների կենտրոնի, ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբի և Պանդիո համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի ունեցած «Կայունությունը և անվտանգությունը Կովկասում. իրադրությունը Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջոցառմանն իր ելույթում:
Կարեն Միրզոյանն իր ելույթում անդրադարձ է կատարել Արցախում տեղի ունեցող գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը, կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության մի շարք խնդիրների։ Իր խոսքում ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանական իշխանությունների կողմից ուժի և ուժի կիրառման սպառնալիքի վրա հիմնվելը շարունակում է մնալ տարածաշրջանում լարվածության պահպանման հիմնական պատճառ և հանդիսանում է հակամարտության կարգավորման ճանապարհին ծառացած գլխավոր խոչընդոտներից մեկը։ Այս համատեքստում նա նշել է, որ հատկապես վերջին շրջանում իրավիճակի հետևողականորեն սրմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները և հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորմանը հասնելու ցանկության լիակատար բացակայությունը վկայում են, որ Ադրբեջանը հանուն իր քաղաքական շահերի պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի, ընդհուպ մինչև ռազմական գործողությունների հրահրումը, ինչը և տեղի ունեցավ 2016 թ․ ապրիլին։ Նախարարը շեշտել է, որ միայն շնորհիվ Արցախի պաշտպանության բանակի վճռական գործողությունների հաջողվեց կասեցնել ռազմական ագրեսիայի հետագա ընդարձակումը և պարտադրել Ադրբեջանին հարգել զինադադարի ռեժիմը, որը ցույց է տալիս, թե որքան կարևոր է Արցախի Հանրապետության դերակատարությունը՝ որպես տարածաշրջանային անվտանգության համակարգի անքակտելի մաս և անվտանգության մատակարար։ Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին՝ Կարեն Միրզոյանը նշել է, որ ապրիլյան ագրեսիան կասկածի տակ դրեց խաղաղ կարգավորման հեռանկարները, և շեշտել, որ նման իրավիճակում առաջնային խնդիր է լիարժեք բանակցությունների վերականգնման համար պայմանների ստեղծումը, մասնավորապես, 1994 թ. և 1995 թ. համաձայնագրերով սահմանված հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնումը և 2016 թ. մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործումը:
Ներկայացնելով Արցախում պետականաշինության գործընթացները՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է. «Արցախի պետականության ժողովրդավարական զարգացումն անշրջելի գործընթաց է, ինչի վառ օրինակն է 2017 թ. փետրվարի 20-ին տեղի ունեցած նոր Սահմանադրության ընդունումը։ Անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից, Արցախի Հանրապետությունը չի շեղվի իր ժողովրդավարական ուղուց և կշարունակի պայքարը միջազգային հանրության կողմից իր ինքնորոշումը ճանաչելու ուղղությամբ»։
Միջոցառման ավարտին Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։ Արցախի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Հունաստան ավարտվել է։