Արմինֆո.Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ հայտարարույամբ է հանդես եկել Ազատ դեմոկրատներ կուսակցությունը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայությունից, հայտարարության մեջ ասված է, որ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խորը ցավ է հայտնում Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ։ «Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում Արթուր Սարգսյանի ընտանիքին և հարազատներին։ Հաց բերողը ՀՀ-ում արդարադատության բացակայության զոհ է։ Նա՝ որպես ՀՀ ազատ քաղաքացի, իրեն զոհաբերեց հանուն փոփոխությունների և հանուն ավելի լավ Հայաստանի՝ դառնալով պայքարի յուրօրինակ խորհրդանիշ։ Անգնահատելի է Հաց բերողի պայքարը հանուն համամարդկային արժեքների, և դա պետք է լինի ազդակ բոլորիս, որ ՀՀ-ում արդարադատության հաստատման, ՀՀ քաղաքացու իրավունքների և ազատությունների համար պայքարը պետք է շարունակել ու հասցնել հաղթական ավարտի»,-նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Սարգսյանը ձերբակալվել էր և գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Մարտի 5-ին գլխավոր դատախազը բավարարել էր «Սասնա ծռերի» գործողություններին մեղսակցության համար մեղադրվող Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մի շարք պատգամավորների միջնորդությունը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու» դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով: Նա կալանավորվել էր, այնուհետև ստորագրությամբ ազատ էր արձակվել մի շարք ծանր հիվանդությունների առնչությամբ, որոնք անհամատեղելի են կալանքի պայմանների հետ: Սակայն փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանին կրկին կալանավորել էին` խափանման միջոցը խախտելու համար: Դրանից հետո նա հացադուլ էր հայտարարել, և նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր: Մարտի 16-ին նա տեղափոխվել էր հիվանդանոց: