Արմինֆո. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնակատարի կողմից հանձնարարվել է նույն վարչական շրջանի քննչական բաժնին՝ Ա. Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով իրականացնել քննություն: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Նշենք, որ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանը 2017 թվականի մարտի 15-ին ժամը 18:50-ի սահմաններում ընդունվել է ՀՀ ԱՆ «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունք՝ «աճուկային օղակած ճողվացք» նախնական ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում ենթարկվել է վիրահատության: Վիրահատությունից հետո Արթուր Սարգսյանի մոտ առաջացել են շնչառական խնդիրներ, ինչի պատճառով մարտի 16-ին ժամը 00:00-ի սահմաններում վերջինս տեղափոխվել է նույն բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Արթուր Սարգսյանի շնչառական խնդիրները վերականգնելու նպատակով ձեռնարկվել են բժշկական միջոցառումներ:
Մինչ ժամը 15:40-ը Արթուր Սարգսյանի մոտ շնչառական խնդիրների կարգավորում տեղի չի ունեցել, ապա արձանագրվել է սրտի կանգ և կլինիկական մահ: Արթուր Սարգսյանի մահվան նախնական պատճառ է ախտորոշվել «սիրտ-թոքային անբավարարությունը»:
Նշենք, որ Սարգսյանը ձերբակալվել էր և գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Մարտի 5-ին գլխավոր դատախազը բավարարել էր «Սասնա ծռերի» գործողություններին մեղսակցության համար մեղադրվող Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մի շարք պատգամավորների միջնորդությունը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու» դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով: Նա կալանավորվել էր, այնուհետև ստորագրությամբ ազատ էր արձակվել մի շարք ծանր հիվանդությունների առնչությամբ, որոնք անհամատեղելի են կալանքի պայմանների հետ: Սակայն փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանին կրկին կալանավորել էին` խափանման միջոցը խախտելու համար: Դրանից հետո նա հացադուլ էր հայտարարել, և նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր: Մարտի 16-ին նա տեղափոխվել էր հիվանդանոց: