Արմինֆո. Ամենաբարձր մակարդակով ղարաբաղյան հակամարտության քննարկումը վկայում է այն մասին, որ այդ հարցի լուծմանն ուղղված ակտիվ ջանքեր են գործադրվում: Այդ մասին այսօր Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչով են պայմանավորված վերջին շրջանում ղարաբաղյան հարցի շուրջ բարձր մակարդակով ակտիվ բանակցությունները:
Նա ընդգծել է, որ միանգամայն տրամաբանական է այդ առնչությամբ բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, որոնք բավական ինտենսիվ լուսաբանվում են ԶԼՄ-ների կողմից:
Նշենք, որ ղարաբաղյան հակամարտությունը քննարկվել է մարտի սկզբին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումների ընթացքում, այնուհետև՝ Հայաստանի նախագահի Փարիզ այցի ընթացքում, ինչպես նաև մարտի 15-ին Մոսկվայում Սարգսյան-Պուտին հանդիպման ընթացքում: Անցած շաբաթ Մոսկվայում այդ հարցին են անդրադարձել նաև Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները, ինչպես նաև Ադրբեջանի և Ֆրանսիայի առաջնորդները Փարիզում հանդիպման ժամանակ: