Արմինֆո. Շատ տարօրինակ է Արցախի «ապօրինի վերաբնակեցման» մասին մեղադրանքներ լսել մարդու շուրթերից, ով վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է կազմակերպի ադրբեջանցի փախստականների «մեծ վերադարձ» Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, նման հայտարարությունները մեծ զարմանք են հարուցում, քանի որ հայկական կողմի գործողությունները բացառապես մարդասիրական բնույթ են կրում: Նա նաև փաստել է, որ Արցախի հնարավորությունները սահմանափակ են, և ապաստան է տրամադրվում շատ սահմանափակ թվով մարդկանց: «Դա զանգվածային միջոցառում չէ: Նման հայտարարությունները կրկին վկայում են ադրբեջանական կողմի խտրական և միակողմանի մոտեցման մասին: Գտնում ենք, որ դա Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորում է՝ հատկապես Փարիզում այդ երկրի առաջնորդի՝ անհասկանալի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությունից հեռու հայտարարությունների լույսի ներքո: Դա կրկին վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունը գտնվում է բարոյահոգեբանական խորը ճգնաժամի մեջ»,- ասել է Բաբայանը:
Նշենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը
Բաքվում անցկացվող՝ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է, որ «փախստականների և հարկադիր վերաբնակների խնդիրների լուծումը պարտավորեցնում է հարգանքով վերաբերել երկրների տարածքային ամբողջականությանը, վերջ տալ երկակի չափանիշներին»: Նրա խոսքով,
«Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիայի հետևանք է դարձել ավելի քան 1 միլիոն փախստականների և հարկադիր վերաբնակների առկայությունը, և նրանց խնդիրն ամբողջությամբ կլուծվի հողերի ազատագրումից հետո միայն»: Ինչպես նշել է փոխնախարարը, Ադրբեջանի կառավարությունն այդ առնչությամբ նախապատրաստել է «Մեծ վերադարձի» ծրագիր: «Հայաստանը նպատակաուղղված կերպով մեր տարածքներում կիրականացնում է օկուպացված հողերի վերաբնակեցման ապօրինի ծրագիր, փորձում խոչընդոտել հարկադիր վերաբնակների վերադարձին հայրենի հողեր: Հայաստանը խրախուսում է մեր օկուպացված հողերում Սիրիայում և Լիբանանում ապրող հայերի վերաբնակեցումը։ Սակայն, մենք շուտով կազատենք օկուպացված հողերը, կլուծենք փախստականների և հարկադիր վերաբնակների խնդիրները։ Միջազգային հանրությունը պետք է աջակցի Ադրբեջանին այդ հարցում»,- ասել է Խալաֆովը: