Արմինֆո.Վաղուց եկել է ժամանակը առաջընթացի հասնել և գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ: Այդ մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատվին հրավիրված ընթրիքի ժամանակ: Նա նշել է, որ արդեն 23 տարի բանակցություններ են ընթանում , սակայն կողմերը ոչ մի արդյունքի չեն հասել: «Չկա ավելի վատ բան, քան ստատուս-քվոն: 2016 թվականի ապրիլին տեղի ունեցածը և մի քանի շաբաթ առաջվա բախումներն ապացուցում են, որ այդ հակամարտությունը երբեք չի դադարել: Գիտեք, թե որքան մեծ ջանք է գործադրում Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի և ԱՄՆ համանախագահների հետ միասին: Ես դա ասել եմ օրերս Փարիզ այցելած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, կրկնեմ Ձեր առջև. այդ հակամարտությունը չի կարող կարգավորվոլ ռազմական ճանապարհով: Ֆրանսիան, Ռուսաստանի և ԱՄՆ հետ միասին, անդադրում կշարունակի միջնորդական ջանքերը: Այդ ջանքերը հիմնվում են տարածքային ամբողջականության և ինքնորոշման, ինչպես նաև ռազմական ճանապարհից խուսափելու սկզբունքների վրա: Ֆրանսիան պատրաստ է ամեն նախաձեռնության` այդ շրջանակում», - ասել է Օլանդը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ֆրանսիայի նախագահը, միևնույն ժամանակ, կոչ է արել վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները: «Մենք ցանկանում ենք բանակցությունների վերսկսում: Որպես Մինսկի խմբի համանախագահ ցանկանում ենք, որպեսզի մյուս համանախագահները` ԱՄՆ և Ռուսաստանը, նույնպես ավանդ ներդնեն այդ գործընթացում: Մենք կարծում ենք, որ պարամետրերը հայտնի են, և կարելի է գտնել այդ ձգձգված հակամարտության կարգավորման ուղին», - ասել է նա: