Արմինֆո.Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի «եռյակ դաշինքի» հիմքում ընկած են ոչ միայն առկա քաղաքական, այլև պատմաիրավական հիմնավորումներ: Համենայն դեպս` Կովկասի տարածաշրջանի համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Վերջերս Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ եռյակ դաշինքի ստեղծման հարցը:
«Խնդիրն այն է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո առկա իրողություններն օրինականացնող միակ փաստաթուղթը մնում է «Մոսկվայի պայմանագիրը»: Իսկ այն հենց եռակողմ էր: Եվ Արցախի շուրջ ստատուս-քվոն, նրա անկախությունը` դրա աղաղակող խախտում է, որը մեզ չեն ների` քանի դեռ այդ պայմանագիրը գործում է», - նշել է նա:
Վերլուծաբանի գնահատմամբ, միջազգային հանրության Սայքս-Պիկոյին վերադառնալու պայմաններում Մոսկվան և Անկարան հուսահատաբար փորձում են կառչել 1921 թվականից և Մոսկվայի պայմանագրից: Նման ակտիվությունն Արզումանյանը համարում է պարտության դատապարտված, կարծելով, որ 1921 թվականի պայմանավորվածությունների ապակառուցումն արդեն հնարավոր չէ կասեցնել:
Վերլուծաբանի կանխատեսմամբ, Մոսկվայում և Անկարայում իրավիճակի համապատասխան ընկալման հասունացման բացակայությունը միանգամայն կարող է հանգեցնել նոր սուլթանի և նոր ցարի ֆիզիկական վերացման: Եվ հենց գործընթացների տրամաբանության ըմբռնումն է Ռուսաստանին, Թուրքիային և Ադրբեջանին դարձնում բնական դաշնակիցներ` աղետին նախորդող ակնթարթներին:
Իսկ Հայաստանն այդ պայմաններում, նրա կարծիքով, պետք է սկսի կամ Վուդրո Վիլսոնի արբիտրաժին կամ նոր ցեղասպանությանը ետագլորքի նախապատրաստումը: Սակայն, հաշվի առնելով, որ վերջին սցենարի իրագործումն անհնար է, նկատի առնելով նաև Արցախում հաղթանակի անդառնալի հետևանքները և Սփյուռքի առկայությունը, հայ ժողովուրդն ստեղծվող իրավիճակում ունի ընդամենը մեկ պարզորոշ ելք, որը վերլուծաբանը տեսնում է Հայաստանում Չորրորդ Հանրապետության հռչակումը և այն Առաջին Հանրապետության իրավահաջորդ հայտարարելը: Նրա գնահատմամբ, Հայաստանի Հանրապետության նոր իշխանական վերնախավում չպետք է լինեն բոլշևիկներ, դաշնակներ և այլն: Նացիզմ, քեմալիզմ, բոլշևիզմ և 20-րդ դարի մյուս «իզմերը» փակվում են վերջին բոլշևիկների, նացիստների, քեմալականների հետ միասին: Նրա համոզմամբ, 21-րդ դարում դրանք արդեն տեղ չունեն:
Մոսկվայի պայմանագիրը, որն ընդունվել է առանց Ադրբեջանական, Հայկական և Վրացական ԽՍՀ-ների մասնակցության, սահմանել է այդ երկրների հետ Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը` ամրագրելով Թուրքիայի տարածքային ձեռքբերումներն Ալեքսանդրապոլի պայմանագրով:
Մոսկվայի պայմանավրով ՌԽՖՍՀ-ը Թուրքիան ճանաչում էր «թուրքական ազգային դաշնագրով» հռչակված սահմաններում, որն ընդունվել է 1920 թվականի հունվարի 28-ին` Մուդրոսի հրադադարի դրույթներին համապատասխան: Պայմանագիրն ամփոփել է Ադրբեջանական ԽՍՀ և Թուրքիայի միջև Հայաստանի Հանրապետության հայտարարված տարածքի բաժանման միջազգային-իրավական արդյունքը:
1921 թվականի հոկտեմբերին Մոսկվայի պայմանագրի հետ նույնական Կարսի պայմանագրի կնքումը մի կողմից` քեմալականների, մյուս կողմից` անդկովկասյան ԽՍՀ-ների միջև, որոնք 1922 թվին մտան ԱԽՖՍՀ և դրա կազմում` ԽՍՀՄ կազմի մեջ, ավարտին հասցրեց միջպետական սահմանների իրավաբանական ձևակերպումը, որոնք ներկայում էլ գոյություն ունեն: