Արմինֆո.Հայաստանի համար անվտանգության խնդիրն այսօր կապված է զուտ ֆիզիկական, ռազմական անվտանգության հարցի հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբում:
«Հայաստանն ահա արդեն 29 տարի ներգրավված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման գործընթացում, որին պարտադրվեց պատերազմ՝ ի պատասպան նրա ինքնորոշման իրավունքի իրացման»,- ասել է նա: Ըստ որում, նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշվել է՝ միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի կանոնադրությանն ու ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան:
Սարգսյանն ավելացրել է, որ չնայած սպառազինությունների և ժողովրդագրական ներուժի տարբերությանը՝ Արցախի ժողովուրդը կարողացել է պաշտպանել իր իրավունքը և անցկացնել հանրաքվեներ, ընտրություններ, ձևավորել կառավարման և տնտեսական զարգացման, ժողովրդավարական ազատությունների համակարգ: Բայց ամենակարևորը, նախարարի կարծիքով, այն է, որ Արցախը կարողացել է կառուցել հասարակական կառուցվածք, որը զգալիորեն տարբերվում է նրանից, ինչ ցանկանում են պարտադրել նրան Բաքուն: Նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմից սադրանքները շարունակվում են, և հակառակորդը շարունակում է խախտել 1994 թ. հաստատված հրադադարի ռեժիմը: «Ձեռնարկվում են դիվերսիաներ, պարբերաբար հրատանի է կիրառվում: Հայաստանի զինված ուժերը և ԼՂՀ Պաշտպանութան բանակը ստիպված են համարժեք պատասխան տալ՝ սառեցնելու «տաք գլուխները»»,- նշել է նա: