Արմինֆո.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և միջազգային հանրությունը պարտավոր են խստորեն դատապարտել Բաքվի գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով հակառակորդի գիշերային սադրանքին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում:
Ըստ փոխխոսնակի, Բաքվի սադրանքներն ուղղված են իրավիճակի սրմանը տարածաշրջանում, Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: «Հետևաբար, սադրանքային քաղաքականության հետևանքների և զոհերի համար ամբողջ պատասխանատվոթյունն այդ քաղաքականության արդյունքն է, և ընկնում է Ադրբեջանի իշխող ռեժիմի վրա»,-եզրափակել է Շարմազանովը:
Նշենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Միևնույն ժամանակ, ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն՝ արևելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքի տալ արժանի պատասխան: