Արմինֆո.Այս պահին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում համեմատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչպես արդեն հաղորդվել է, փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: «Միևնույն ժամանակ, ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն՝ արևելյան ուղղությամբ նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքի տալ արժանի պատասխան», - ասվում է հաղորդագրությունում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ գիշերը կորուստներ է կրել շփման գծում: