Արմինֆո.ԱՄՆ պետք է Ռուսաստանի հետ փոխգործակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, համոզված է Նյու Յորքի միջազգային գործերի խորհրդի փորձագետ, պրոֆեսոր Քերի Քավանոն, ով ավելի վաղ զբաղեցրել է Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնը, 1999-2001թթ.` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը:
Միջազգային գործերի խորհրդին առընթեր Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի կողմից նախօրեին տարածված հուշագրում նա, մասնավորապես, նախազգուշացրել է, որ բռնության նոր ալիքը Հարավային Կովկասում սպառնալիքի տակ կարող է դնել Մոսկվայի, Անկարիայի և Թեհրանի հետ Վաշինգտոնի հարաբերությունները: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է Ռուսաստանի հետ փոխգործակցելու մտադրության մասին: Լեռնային Ղարաբաղում կարգավորմանն առնչվող համատեղ գործողությունները կարող էին մեկնակետ դառնալ մյուս բնագավառներում երկու երկրների հետագա ջանքերի համար», - ասել է Քավանոն ՏԱՍՍ-ի հետ զրույցում:
Նրա ասելով, դա առավել նախընտրելի հարթակ է ռուս-ամերիկյան գործընկերության համար, որտեղ երկու կողմերը կնպաստեն ընդհանուր նպատակների իրագործմանը, որոնք կասկածի չեն ենթարկվում` զինված հակամարտության առաջացման հնարավորության նվազեցմանն ու խաղաղ կարգավորմանը: «Ճիշտ չէր լինի կարծել, թե Մինսկի գործընթացն արդյունքն չի տվել: Այն փաստը, որ վերջին ժամանակներս լայնածավալ հակամարտություն չի եղել, ինքնին խոսուն է: Անհրաժեշտ է գործնականում կիրառել նախապես համաձայնեցված միջոցներ` տարածաշրջանում վստահության և անվտանգության ամրապնդման նպատակով, մասնավորապես, ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը և ստեղծել կողմերի շփման գծում միջադեպերի հետաքննության անկախ մեխանիզմ, ինչը կօգնի կրճատել հրադադարի շուրջ համաձայնագրի խախտումների թիվը: Այդ հակամարտության կարգավորումը համապատասխանում է բոլորի շահերին., - ամփոփել է Քավանոն: