Արմինֆո.Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հոռետեսորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի գծով բանակցություններին:
«Ցավոք, ես լավատեսորեն չեմ վերաբերվում Լեռնային Ղարաբաղի գծով բանակցություններին: Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունները թույլ չեն տալիս կատարել լավատեսական քննարկումներ»,-ասել է Մամեդյարովը ԱՊԱ-ին:
Նա նաև նշել է, որ բոլոր միջազգային կազմակերպություններն իրենց որոշումներում և բանաձևերում ընդունում են «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Նա նաև ընդգծել է, որ հաջորդ շաբաթ դեպի Մոսկվա նախատեսված իր այցի ընթացքում պատրաստվում է այդ հարցը քննարկել ռուսական կողմի հետ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի: «Մենք կքննարկենք առաջիկա քայլերը, թե ինչ պետք է արվի ստատուս-քվոն փոխելու համար: Բոլորը գիտեն, թե ինչպես պետք է լուծվի խնդիրը, ինչ պլան է դրված բանակցությունների սեղանին, և որ այդ հարցը չի կարելի լուծել մեկ օրում: Առաջին հերթին զինվորներին հարկավոր է վերադարձնել զորանոցներ, որպեսզի ապահովվի խաղաղությունը: Այս հակամարտությունը մեծ սպառնալիք է տարածաշրջանի համար»,-նշել է Մամեդյարովը:
Նա նաև ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 3 մշտական անդամներ հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: «Նրանք քվեարկել են հակամարտության բանաձևի օգտին: 1993 թվականին ընդունված թիվ 822 բանաձևի ընդունումից հետո Մինսկի խմբի այն ժամանակվա նախագահ, պրն.Ռաֆայելին հանձնարարվեց պատրաստել զինված ուժերի դուրսբերման ժամանակացույցն «օկուպացված տարածքներից»: Ոմանք կարծում են, որ բանաձևերը վերաբերվում են հրադադարի ռեժիմին, չնայած, որ այնտեղ կար զորքերի դուրսբերման անվերապահ պահանջ: ՄԱԿ-ի ԱԽ որոշ բանաձևեր կատարվում են անմիջապես, իսկ որոշներն այդպես էլ տարիներով չեն կատարվում, մնալով թղթի վրա: Մենք պետք է այս գործընթացին ներգրավենք ավելի շատ անձանց»:
Մամեդյարովը նաև տեղեկացրել է, որ փետրվարի 23-ին ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է միջնորդների այցը տարածաշրջան: Նա նշել է, որ այցը տեղի կունենա մարգի կեսին, ճշգրիտ ամսաթիվը դեռ անհայտ է: