Արմինֆո. «Շատ ափսոս, որ չգիտեք, թե ներկայումս նախընտրական ինչ մթնոլորտ է տիրում Արարատում»,- ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցությունից պատգամավորության թեկնածու Մուրադ Մուրադյանը, ում կողմնակիցները, ԶԼՄ-ների համաձայն, Մասիսում ներխուժել են ՀՀԿ-ից մեկ այլ թեկնածու, «Ավշար» ընկերության սեփականատեր, Արարատի մարզպետի եղբայր Արայիկ Գրիգորյանի նախընտրական շտաբ և ծեծի ենթարկել նրա կողմնակիցներին: Մուրադյանը հավաստիացրել է, որ միջադեպը հրահրվել է ոստիկանության տարածքային վարչության պետի կողմից:
Արարատի մարզում տիրող նախընտրական իրավիճակը, ինչպես նաև ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածուների միջկուսակցական անառողջ հարաբերությունները մեկնաբանելու խնդրանքով ԱրմԻնֆո-ի թղթակիցը դիմել է Հանրապետական կուսակցության տարածքային կառույցի ղեկավար, նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ից թեկնածու Ալիկ Սարգսյանին: Վերջինս հավաստիացրել է, որ Արարատի մարզում հանգիստ, առողջ մթնոլորտ է տիրում, պատգամավորության թեկնածուները քաղաքական հողի վրա որևէ հակասություն չունեն, քանի որ, ինչպես բացատրել է Սարգսյանը, նախընտրական արշավը պաշտոնապես դեռ չի սկսվել: «Եթե նախընտրական արշավը դեռ չի սկսվել, ինչպես կարող են թեկնածուները մրցակցել միմյանց հետ կամ քաղաքական խանդի հողի վրա ռազբորկաներ անել: Ավելին, միջադեպը, ինչի մասին հիշատակեցիք, չէր կարող տեղի ունենալ պատգամավորության որևէ թեկնածուի նախընտրական շտաբում, քանի որ պաշտոնապես ձևավորված շտաբեր դեռ չկան: Ամենայն հավանականությամբ, դա միջանձնային հարաբերություններ պարզելու հողի վրա միջադեպ էր, և տեղի է ունեցել ոչ թե ՀՀԿ նախընտրական շտաբում, ինչպես շրջանառվում է մամուլում, այլ՝ ուրիշ մի տարածքում, քանի որ, կրկնում եմ, մենք դեռ չենք ձևավորել մեր շտաբերը»,- հայտարարել է Սարգսյանը:
Մինչդեռ ՀՀ Ոստիկանությունում հաստատել են Մասիսում ծեծկռտուքի փաստը: ՀՀԿ-ում ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքական խանդի հողի վրա: Հատկանշական է, սակայն, որ ռեյտինգային ընտրակարգով պայքար է ծավալվում ոչ թե իշխանությունից և ընդդիմությունից թեկնածուների, այլ՝ կառավարող կուսակցությունների ներկայացուցիչների միջև, քանի որ նրանց դիրքեր առավել ուժեղ են, և ստիպված են միմյանց միջև մրցակցել: Իշխանությունից թեկնածուները պայմանականորեն բաժանել են ընտրատեղամասերը «յուրայինի» ու «օտարի», և խանդագին պաշտպանում են «իրենց տարածքները»: Իսկ Արարատի մարզում միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, ՀՀԿ-ից պատգամավոր Արայիկ Գրիգորյանը «համարձակվել է» ոտնձգություն անել իր կուսակցի՝ պատգամավորության թեկնածու Մուրադ Մուրադյանի «տարածքի» նկատմամբ և շտաբ բացել Մասիս քաղաքում: Դա դուր չի եկել Մուրադյանին, և նրա կողմնակիցներին, ովքեր ներխուժել են Մասիսում գտնվող Գրիգորյանը շտաբ և ծեծել նրա կողմնակիցներին: Գրիգորյանը հավաստիացրել է, որ պատասխան գործողությունները չեն ուշանա:
Մինչդեռ, ինչպես արդեն կանխատեսել էինք, Արարատի մարզում նախընտրական իրավիճակը և ընտրությունների բուն գործընթացը հատկապես թեժ կլինի, քանի որ այնտեղ բախվում են մարզում մեծ ազդեցություն ունեցող մի քանի քաղաքական գործչի և գործարարի շահեր: Այսպես՝ մարզում «Ծառուկյան» դաշինքից իր թեկնածությունն է առաջադրել Արտաշատի քաղաքապետ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը: ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի դուրս գալուց հետո կուսակցության շարքերը լքեցին նաև նրա կողմնակիցները, ովքեր կարևոր պաշտոններ էին զբաղեցում
մարզում և կառավարող կուսակցությունում: Այժմ, Աբրահամյանի շրջապատի աղբյուրների համաձայն, նա և նրա կողմնակիցները ոչնչի առաջ կանգ չեն առնի՝ ցույց տալու կառավորող կուսակցության համար նախկին վարչապետի կորստի նշանակությունը:
Ի պատասխան դրա՝ Հանրապետական կուսակցությունն Աբրահամյանի դեմ համախմբել է ծանր հրետանին՝ ի դեմս գործարարներ Արայիկ Գրիգորյանի, Մուրադ Մուրադյանի և նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, ով Աբրահամյանի հեռանալուց հետո նշանակվել է Արարատի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար:
Բացի այդ, Արարատի մարզում բավական ուժեղ դիրքեր ունի նաև 1999 թ. հոկտմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում ահաբեկչության հետևանքով զոհված Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը: Սակայն, Արամ Սարգսյանն առաջադրվում է «Ելք» ընդդիմադիր դաշինքից, որի մեջ մտնում են իր գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» և Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը:
Սակայն, ինչպես արդեն վերևում նշեցինք, Արարատի մարզում, ինչպես նաև այլ մարզերում հիմնականում կրքերը բորբոքվում են ոչ թե իշխանությունից և ընդդիմությունից թեկնածուների, այլ՝ կառավարող կուսակցությունից թեկնածուների միջև: