Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱրմԻնֆո գործակալությանը մեկնաբանության մեջ իր անհամաձայնությունն է հայտնել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քողարկված հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ ընդդիմադիր ուժերը, բացի իր գլխավորած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, վերահսկվում են Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից: Նրա խոսքով, «Ծառուկյան» դաշինքը վեահսկվում է բացառապես Գագիկ Ծառուկյանի և դաշինքի մեջ մտած կուսակցությունների կողմից:
Պատասխանելով «Ծառուկյան» դաշինքի կողմից Գյումրի քաղաքում նախընտրական կաշառքներ բաժանելու վերաբերյալ գործակալության հարցին, ինչում վերջինիս մեղադրել են քաղաքական մրցակիցները՝ ի դեմս «Ելք» դաշինքի՝ Ուրիխանյանը հայտարարել է, որ անձամբ ինքն դրան չի մասնակցում, և հանդիսանալով պատգամավորության թեկնածու ինչպես համամասնական, այնպես էլ ռեյտինգային ցուցակով, մտադիր չէ նյութական բարիքներ բաժանել ընտրողներին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա ահազանգեր է ստացել քաղաքական այլ ուժերի կողմից կաշառք բաժանելու մասին՝ պատգամավորը նշել է, որ դեռ վաղ է այդ մասին խոսել: «Կարծում եմ՝ կաշառք բաժանելու գործընթացը կսկսվի ոչ թե նախընտրական արշավի ժամանակ, այլ՝ ընտրությունների ընթացքում: Եթե նման բան արձանագրվի, մենք կոշտ դիրքորշոում կցուցաբերենք, կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ, և մինչև վերջ կգնանք, որպեսզի մեղավորները պատժվեն»,- նշել է նա: Մինչդեռ պատգամավորի թեկնածուն ընդգծել է, որ ընտրողներն արդեն որոշակի ներգործություն են զգում իրենց վրա, ինչի առնչությամբ ընտրազանգվածը քաղաքական գործընթացի և նախընտրական ծրագրերի քննարկումների հետ կապված մտավախություններ ունի:
Հիշեցնենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրերս հայտարարել էր, որ դաշինքը միակ քաղաքական ուժն է, որը գտնվում է վերահսկողությունից դուրս, գործում է ինքնուրույն, գործում է բացառապես գաղափարներից ելնելով և գործում է ի շահ ժողովրդի։ Այդ իսկ պատճառով, հավաստիացրել է Օհանյանը, ներկայումս դաշինքի դեմ հակաքարոզչություն է իրականացվում: