Արմինֆո.Զինադադարի ցանկացած խախտում՝ մեծ կամ փոքր, որևէ ձևով չի կարող արդարացվել, փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Զինադադարի ռեժիմը սահմանված է միջազգային պարտավորություն հանդիսացող հրադադարի մասին համաձայնագրերով: Պաշտանության նախարարության և Զինված ուժերի խնդիրն է ապահովել դրանց լիարժեք կատարումը պատասխան գործողություններով, ինչը մենք անում ենք»- ընդգծել է նա:
Նա նաև նշել է, որ շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Մասնավորապես, նախարարը նշել է, որ հակառակորդի կողմից օգտագործվել են ականանետեր, թեթև հրետանի: «Մենք պետք է, ինչպես միշտ, զգոնությամբ մոտենանք դրան, քանի որ հակառակորդը չի թաքցրել և չի թաքցնում իր նպատակները, իր առջև դրվող խնդիրները»,-ընդգծել է նախարարը:
Ըստ որում՝ նա ավելացրել է, որ զինված ուժերը շարունակում են լիարժեք վերահսկել իրավիճակը և շարունակելու են կատարել իրենց առջև դրված խնդիրը:
Նշենք, որ փետրվարի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց: Մասնավորապես, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և տարբեր տրամաչափի ականանետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 62 արկ, որից 10-ը հրանոթից, 52-ը ականանետերից: Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ, որի մասին երեկ հայտարարել է ադրբեջանական ռազմական գերատեսչությունը: