Արմինֆո. Ադրբեջանը փորձում է 21-րդ դարում քաղաքակիրթ մարդկությանը պարտադրել միջնադարյան բարքեր և մեթոդներ, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Արցախում հանրաքվեի դիտարկման համար Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելի, Էլենի Տեոխարուսի և Յարոմիր Շտետինայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարելու վերաբերյալ Բաքվի որոշմանը:
«Նման միջոցները, տարակուսանքից և ծիծաղից բացի, որևէ այլ արձագանք չեն հարուցում: Բայց պետք է նշեմ, որ պատժիչ քայլերն Ադրբեջանի համար ցանկալի արդյունքի չեն հանգեցնի: Ընդհակառակը, Ադրբեջանի նման քաղաքականությունը հանգեցնում է Արցախի նկատմամբ էլ ավելի մեծ հետաքրքրության և Արցախ այցելել ցանկացողների թվի ավելացման: Խոսքերիս վկայությունն է այն փաստը, որ ավելի քան 100 միջազգային դիտորդ այդ օրերին հետևել է Արցախում ընթացող սահմանադրական հանրաքվեին»,- ասել է Շարմազանովը:
Նշենք, որ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելի, Էլենի Տեոխարուսի և Յարոմիր Շտետինայի նկատմամբ` Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի դիտարկման համար: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով երկրի Գլխավոր դատախազությունը, Եվրախորհրդարանի անդամների նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ համապատասխան հոդվածներով` որպես դիտորդ փետրվարի 20-ի հանրաքվեին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղ «ապօրինի այցելության» համար:Բացի այդ, եվրախորհրդարանականներին մեղսագրվում է նաև «անջատական կազմավորման» քարոզչության իրականացում, այդ տարածքում կազմակերպված միջոցառումներին ապօրինի մասնակցություն, «ապօրինի կազմավորման» որպես անկախ հանրապետություն ներկայացում: Ադրբեջանական աղբյուրների համաձայն, դատարանը Ֆրանկ Էնգելին, Էլենի Տեոխարուսին և Յարոմիր Շտետինային ձերբակալելու որոշում է կայացրել, նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Ինտերպոլի» գծով:
Փետրվարի 20-ին Արցախում կայացել է սահմանադրական հանրաքվե: Մասնակցությունը կազմել է 76,44%: Ըստ նախնական արդյունքների, հանրապետության հիմնական օրենքի փոփոխությունների նախագիծը պաշտպանել է ընտրողների 87,6%-ը, «դեմ» է քվեարկել 9,7%-ը: Հանրաքվեի ընթացքին հետևել են 104 օտարերկրյա դիտորդներ աշխարհի 30 երկրներից: