Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հերքել է ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է Մոսկվայում հանդիպել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նախկին պաշտպանության նախարար և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի հետ: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
«Դա բացահայտ սուտ է: Ըստ որում, Սողոմոնյանը նշել է, որ հնարավոր է Քոչարյանի այցը Մոսկվա: «Ամիսը մեկ անգամ կամ մեկուկես ամիսը մեկ նա գործով լինում է Մոսկվայում»,- նշել է մամուլի քարտուղարը:
Նա նաև հայտնել է, որ մոտ օրերս Քոչարյանը հանդես կգա Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև ընթացիկ ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացների առնչությամբ իր գնահատականներով:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քոչարյանը մարտի կեսին մտադիր է Մոսկվայում հանդիպել Աբրահամյանի և Օհանյանի հետ, որի ընթացքում կքննարկվի երկու հարց՝ ինչպես թեժացնել հետընտրական իրադարձությունները և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ներքաշել միասնական գործողությունների դաշտ: