Արմինֆո.Պոլսահայերը բաց նամակով դիմել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին` խնդրելով միջամտել Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի թեմի պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանի գործունեությանը և ապահովել նրա հրաժարականը:
Բաց նամակի ներքո ստորագրել են պոլսահայ մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես նաև գործարարներ: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Արդեն 8 տարի է՝ ինչ Թուրքիայի հայոց պատրիարքի աթոռը թափուր է, իսկ նոր ղեկավարի ընտրությունը տարիներ շարունակ հետաձգվում է: Մենք այս վիճակի մասին ավելի վաղ արդեն բարձրաձայնել էինք՝ ավելի քան հինգ հազար ստորագրությամբ մի նամակում: Պատրիարքի աթոռն զբաղեցնող արքեպիսկոպոս Աթեշյանն այդ պաշտոնն ստացել է Թուրքիայի իշխանությունների միջամտությամբ և արդեն 8 տարի իր լիազորություններն օգտագործում է ոչ հավուր պատշաճի: Զուրկ լինելով առաջնորդական ունակություններից` Աթեշյանը անտեսել է մեր շահերը: Սակայն, նույնիսկ, չնայած Աթեշյանի ծախու դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության հարցում, մեր միակ մխիթարությունն այն է, որ մենք դեռ կարող ենք ապրիլի 24-ին Թուրքիայի տարբեր քաղաքներում հիշատակի միջոցառումներ անցկացնել», - ասվում է բաց նամակում:
Ընդ որում, նամակում ընդգծվում է, որ Պատրիարքարանը, որը կոչված է լուծելու համայնքի խնդիրները, ինքն է խնդիրներ ստեղծողի դերում: Պոլսահայերը նշում են, որ որոշ հոգևորականներ, չդիմանալով իրենց նկատմամբ ճնշումներին, մեղսակից են դարձել, ինչի արդյունքում թուլացել են հայ համայնքի և եկեղեցու միջև եղած կապերը: «Առանց հոգևոր առաջնորդի մնացած մեր համայնքն օր օրի թուլացավ, մարդկանց համբերությունն այն աստիճան սպառվեց, որ նրանք, անգամ, պատրիարքարանի դիմաց ցույցի դուրս եկան: Հնարավոր է դարձել նոր պատրիարքի ընտրությունը, որը կներկայացնի Թուրքիայի հայերի շահերը` թուրքական պետության առջև: Սակայն Աթեշյանն ամեն կերպ փորձում է ձախողել այդ ընտրությունները: Որպեսզի պատրիարքական ընտրություններն անցկացվեն արդար և թափանցիկ, խնդրում ենք Ձեզ ճնշում գործադրել Աթեշյանի անձնական նկրտումների վրա, ապահովելով նրա հրաժարականը, և ցույց տալ մեր պատրիարքի անաչառ ընտրության ճանապարհը», - ասվում է բաց նամակում: