Արմինֆո. Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել սահմանված կարգի խախտմամբ Պաշտպանության նախարարության տարածք մուտք գործելու դեպքի առթիվ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, փետրվարի 23-ին, ժամը 00:20 Երևան քաղաքի բնակիչ Ա. Եփրեմյանը, գտնվելով անսթափ վիճակում, իր անձնական «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի թիվ 2 մուտքի դարպասներին և ավտոմեքենայով, սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ներխուժել ՀՀ ՊՆ տարածք: Հսկիչ անցագրային կետի հերթապահ ենթասպան իրեն ամրակցված ատրճանակից արձակել է ութ կրակոց ավտոմեքենայի ուղղությամբ, որի արդյունքում Եփրեմյանը չի տուժել:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանությունը, որը զուգորդվել է ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով) և 327.6-րդ հոդվածի 1-ին մասով (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը): Կատարվում է նախաքննություն: Եփրեմյանը ձերբակալվել է: