Արմինֆո.
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայիս ձևաչափն այլընտրանք չունի: Այդ մասին նա հայտարարել է իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Եթե մենք իսկապես կողմնակից ենք համընդունելի լուծում գտնելու անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություններին, ապա, իմ խորին համոզմամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահաների աշխատանքի ներկայիս ձևաչափին այլընտրանք չկա»,- հայտարարել է նա: Նախարարը նշել է, որ այդ ձևաչափի օգտին են բազմիցս հանդես եկել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: Նա նաև հայտարարել է, որ համանախագահներն անգործության մատնված չեն: «Ես չեմ կարող այդպես որակել այն, ինչ այժմ տեղի է ունենում այդ եռյակի շրջանակներում»,- նշել է նախարարը: Ըստ որում, նա նշել է, որ համանախագահները բազմիցս իրենց եռակողմ փաստաթղթերում հանդես են եկել բանակցային գործընթացի արագացման և ակտիվացման օգտին: Նա հիշեցրել է,որ վերջին նման փաստաթուղթն ընդունվել է Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում, որում հստակ ընդգծված է այս կամ այն իրավիճակի կարգավորման համար ուժ կիրառելու անթույլատրելիությունը՝ ներառյալ ղարաբաղյան հակամարտությունը, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների լիակատար իրականացման անհրաժեշտությունը: