Արմինֆո.«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը երկրի խորհրդարանին է ներկայացրել «1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եվ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման և չճանաչման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի նախագիծը:
Ըստ օրինագծի, Հայաստանի Հանրապետությունը դատապարտում և չի ճանաչում 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային Խորհրդային Հանրապետության (ՌՍԴԽՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև կնքված «Բարեկամության ու եղբայրության մասին» պայմանագրի` Հայկական պետականությանը վերաբերող ապօրինի հոդվածները:
Հայաստանի Հանրապետությունը դատապարտում և չի ճանաչում 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված «Բարեկամության մասին» պայմանագրի (Հայկական ՍԽՀ, Վրացական ՍԽՀ, Ադրբեջանական ՍԽՀ` մի կողմից, և Թուրքիայի միջև` մյուս կողմից, ՌՍԴԽՀ մասնակցությամբ)` հայրենի բնօրրանի բռնազավթումը վավերացնող հոդվածները:
Ըստ օրինագծի, Հայաստանի Հանրապետությունը դատապարտում և չի ճանաչում 1922 թվականի մարտի 16-ին քեմալական Թուրքիայի ու Խորհրդային Ռուսաստանի և 1922 թվականի մարտի 20-ին Խորհրդային Հայաստանի կառավարության կողմից Կարսի պայմանագրի վավերացումները:
Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բռնազավթված հայրենի բնօրրանում Հայկական պետականության վերականգնման իրավունքը:
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը հայրենի բնօրրանի տարածքներին վերաբերող միջազգային օրինական պայմանագրերից ճանաչում է Սևրի հաշտության պայմանագրի Հայաստանի վերաբերյալ դրույթները, վավերական է համարում ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի` 1920 թվականի նոյեմբերի 22-ի Իրավարար վճիռը և միջոցներ է ձեռնարկում կենսակոչելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Մոսկվայի պայմանագրով Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային Խորհրդային Հանրապետությունը (ՌՍԴԽՀ) և Թուրքիայի Ազգային մեծ ժողովը միջազգայնորեն ճանաչված պետություն և միջազգային իրավունքի սուբյեկտ չէին, երկու կողմերի պատվիրակությունները չէին ներկայացնում իրենց երկրների օրինական իշխանությունները, հետևաբար` նրանց միջև ստորագրված և կնքված փաստաթուղթը միջազգային պայմանագրի իրավասություն չունի և անօրինական է (Պայմանագրային իրավունքի մասին 1969թ. Վիեննայի կոնվենցիա, հոդված 2, (1) (ա)): Մոսկվայի այմանագրով երկու կողմերը որոշել են պայմանագրի կողմ չհանդիսացող երրորդ երկրի` Հայաստանի տարածքներին վերաբերող հարցեր, մինչդեռ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություններ կամ իրավունքներ չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար` առանց նրա համաձայնության (Պայմանագրային իրավունքի մասին 1969թ. Վիեննայի կոնվենցիա, հոդված 34): Պայմանագիրն անվավեր է, եթե կնքվելու պահին հակասել է ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին (Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդված): Մոսկվայի պայմանագրով երկու կողմերը պարտավորեցրին հայկական կողմին հետագայում` 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրելու Կարսի պայմանագիրը, որը հիմնականում կրկնում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները: