Արմինֆո.«Որպեսզի պաշտպանենք մարդու իրավունքները Լեռնային Ղարաբաղում, մենք պետք է զարգացնենք մեր կարողությունները, որի համար անհրաժեշտ են միջազգային կապեր և ներգրավվածություն»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ ելույթ ունենալով Բրյուսելում:
Մարդու իրավունքների մի շարք մասնագետների հետ հանդիպումների ընթացքում Ռուբեն Մելիքյանը ներկայացրեԼ Է 2016թ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած ապրիլյան քառօրյա պատերազմական գործողությունների վերաբերյալ վերջին հաշվետվությունը: Ամփոփելով սահմռկեցուցիչ բացահայտումները՝ նա նշել է, որ այդ հարձակումների ընթացքում գերեվարված հայ զինվորների և խաղաղ բնակչության 90%-ը խոշտանգվել, անդամահատվել կամ սպանվել է: Նա նաև ավելացրել է, որ նմանատիպ գործողություններ խրախուսվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից և կոչ արել միջազգային կազմակերպություններին հետաքննել և դատապարտել նման հանցագործությունները:
ԼՂՀ օմբուդսմենը, զեկուցելով իր ներկայիս աշխատանքների մասին, հավաստել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի կողմից գերեվարված ադրբեջանական զինվորների իրավունքները հարգվում են: Մելիքյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում լայն կոնսենսուս կա, այն է՝ թույլ չտալ վրեժխնդրություն, որի հիմնավորումն է. «մեր ուժը մեր չափորոշիչների մեջ է»: