Արմինֆո.Ղարաբաղյան խնդիրը տարածքային վեճ չէ, դա մարդու իրավունքների հարց է, խոսքը վերաբերում է հիմնարար իրավունքին՝ ինքնորոշման իրավունքին: Այդ մասին Deutsche Welle-ին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, սա այն հակամարտությունն է, որը համաշխարհային ասպարեզում առանձնանում է այն բանով, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ: «Նրանք մշակել և հակամարտող կողմերին են ներկայացրել խնդրի կարգավորման ընդհանուր մոտեցում, թե ինչպես խնդիրը կարող է կարգավորվել: Իսկ հակամարտող կողմերն են նախ և առաջ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Հայաստանը: Այդ մոտեցումներն արտացոլված են հինգ հայտարարություններում, որոնք արել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները: Մենք հայտարարել և հայտարարում ենք, որ պատրաստ ենք այդ հիմքի վրա գնալ կարգավորման: Համանախագահող երկրներն առաջարկել են որոշակի սկզբունքներ և տարրեր, ընդ որում՝ երկրների ղեկավարներն ու արտգործնախարարները բազմիցս նշել են, որ այդ սկզբունքները, տարրերը մշակվել են որպես մեկ ամբողջություն և չի կարելի մի սկզբունքը տարանջատել մյուսից, մի տարրը՝ մյուսից: Ի տարբերություն հայկական կողմի դիրքորոշման` Ադրբեջանը փորձում է ձևացնել, որ այդ հայտարարություններն ընդհանրապես գոյություն չունեն»,- հայտարարել է նախարարը՝ ավելացնելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և պետությունների տարածքային ամբողջականություն: «Ինչպես գիտեք, Ադրբեջանը շարունակում է ոչ միայն սպառնալ, այլ նաև՝ ուժ գործադրել»,- նշելէ Նալբանդյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը խոսում է միայն տարածքային ամբողջականության մասին, ըստ որում՝ իր մեկանաբանությամբ:
«Եթե կիրառվեր այն մեկնաբանությունը, որն առաջարկում է Ադրբեջանը, ապա այժմ չէին լինի ՄԱԿ-ի անդամ այն երկրները, որոնք անկախ պետություն են դարձել՝ օգտվելով ինքնորոշման իրավունքից»,- նշել է նա՝ կրկին նշելով, որ խնդրի էությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումն է, որն անցկացրել է հանրաքվե /1992 թ./ և կողմ քվեարկել անկախությանը: Նալբանդյանն ընդգծել է նաև, որ համանախագահների առաջարկներում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտման միջոցով, ինչը կունենա միջազգային իրավական ուժ: «Բանաձև, որում ամեն ինչ ասված է: Միջազգային հանրությունն ասում է մի բան, իսկ Բաքուն՝ միանգամայն այլ բան: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքը որոշի՝ ինչպես ապրել և թե ինչպիսի ճակատագիր է ցանկանում ունենալ»,- ասել է Նալբանդյանը: