Արմինֆո.Չնայած այս բոլոր դժվարություններին` Հայաստանի ԵԱՏՄ անդամության դրականն ակնհայտ է` թեև տնտեսական կոնյունկտուրան դյուրին չէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը` Deutsche Welle-ի հետ հարցազրույցում:
«Հայաստանի նման փոքր, բայց բավականին բաց տնտեսությամբ երկրների վրա ազդում են նաեւ արտաքին տարատեսակ տնտեսական բացասական միտումներ, ինչպես, ի դեպ, ազդում են շատ ուրիշ, այդ թվում եվրոպական երկրների վրա։ Սակայն մեր անդամակցումը հնարավորություն է ընձեռել մուտք գործել 180 միլիոնանոց շուկա, իսկ դա Հայաստանի համար ծավալուն շուկա է: Այն, ինչ արտադրվում է Հայաստանում, զրոյական մաքսատուրքով ու առանց որեւէ վարչական խոչընդոտների գնում է այդ հսկայական սպառողական շուկա։ Երկրորդը` չորս ազատություններ. կապիտալի, ներդրումների, աշխատուժի և ծառայությունների տեղաշարժ: Դեռ հարկավոր է վերացնել վերջին խոչընդոտներն այդ առումով: Դրանք բավականին լուրջ ուղղություններն են, որոնց գծով աշխատում է ԵԱՏՄ: Այս երկու տարում արդեն կուտակվել է որոշակի բավականին դրական փորձ` ԵԱՏՄ զարգացման իրավական հիմքի ստեղծման տեսանկյունից: Բնական է, որ միության երկրների բնակչությունն ակնկալում է ավելին և հնարավորինս շուտ կցանկանար տեսնել մեծ պոզիտիվ: Սակայն գլխավորն այստեղ դրական միտումն է, իսկ այն կա: Ասենք, 2016 թվականին Հայաստանի արտահանումն ավելացել է 50 տոկոսով։ Մենք ոչինչ չենք կորցնում, մենք ձեռք ենք բերում», - հայտարարել է նախարարը: Մեկնաբանելով ԵԱՏՄ-ում վստահության ճգնաժամի մասին կարծիքը` Նալբանդյանը նշել է, որ հարցեր և խնդիրներ կան: «Բայց որտե՟ղ դրանք չկան: Պարզապես, հարկավոր է դրանք լուծել»: Նա նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ կառույցի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն: Նախարարը նշել է, որ ասիական, լատինաամերիկյան երկրների պատվիրակությունները, որոնց ինքն ընդունել է, Հայաստան են ժամանում որպես ԵԱՏՄ երկրներից մեկը, և ցանկություն են դրսևորում ազատ տնտեսական գոտի ստեղծել ԵԱՏՄ հետ: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի առևտրի գրեթե մեկ երրորդը բաժին է ընկնում Եվրամիությանը, և այդ համատեքստում նշել է. «ԵՄ շատ գործընկերներ ասում են. տեսեք, դուք ԵԱՏՄ անդամ եք, սակայն շատ սերտ համագործակցություն եք զարգացնում ԵՄ հետ: Մենք ցանկանում ենք սերտ համագործակցություն բոլորի հետ, ով նույնն է ուզում: Մենք չենք ցանկանում ինչ-որ օգուտ ստանալու նպատակով օգտվել այն հակասություններից, խնդիրներից, որոնք երբեմն գոյություն ունեն առանձին երկրների միջև: Նման մոտեցումը կարող է բումերանգի նման հարվածել: Մեր խոսքերը գործերից չեն տարբերվում, ինչպես և գործերը չեն տարբերվում այն բանից, ինչ ասում ենք», - ամփոփել է Նալբանդյանը: