Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է «Իսկանդեր» ՕՄՀՀ կիրառման պայմանները:
«Հայաստանն «Իսկանդերների կիրառման որոշում կկայացնի` կախված իրավիճակի զարգացումից», - հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում:
«Կարող եմ նախանշել ալգորիթմը: Այդ զենքի նշանակությունն ու պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքին, որի դեմ այն կարող է կիրառվել: Համապատասխանաբար, «Իսկանդերների» կիրառման որոշումը սերտորեն կապված կլինի իրադրության զարգացման հետ: Ամեն դեպքում, մենք այն դիտարկում ենք որպես երաշխավորված հարվածի զենք` եթե նման անհրաժեշտություն լինի: Դա, առաջին հերթին, զսպման զենք է: Միանգամայն ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցումների վերանայում, բայց, ըստ էության, այս զենքն իր գաղափարախոսությամբ ու հնարավորություններով այնպիսին է, որ պետք է որոշումներ կայացնելիս սթափեցնի ցանկացած տաք գլուխ»,- ասել է նախարարը:
«Իսկանդերներն» առաջին անգամ ցուցադրվել են նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ Երևանում կայացած զորահանդեսի ժամանակ: Սակայն, որոշ տվյալների համաձայն, դրանք Հայաստանի ԶՈՒ սպառազինությունում եղել են ավելի վաղ և մարտական պատրաստության վիճակի էին բերվել անցյալ տարի ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ժամանակ: