Արմինֆո. Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց արցախցիների՝ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման վճռական տրամադրվածությունը: Այդ մասին այսօր Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կալիֆորնիայի Ֆրեզնո շրջանի վարչական մարմնի անդամ Անդրեաս Բորգեասը:
Նա հայտնել է, որ իրենց պատվիրակությունը եղել է 8 ընտրատեղամասում և արդյունքները համարում է տպավորիչ, առավել ևս՝ Օսկարի արժանի: «Ես դիտորդական առաքելություն եմ իրականացրել տարբեր երկրներում, բայց ոչ մի տեղ նման ցուցանիշներ չեմ տեսել: Ֆրեզնոյում բնակիչների միայն 30-40 %-ն է մասնակցում ընտրական գործընթացներին, այն, ինչ այստեղ տեսանք, զարմանալի է: Այս հանրաքվեն լավ օրինակ է այն բանի, որ անհրաժեշտ է ընտրական գործընթացներին ակտիվ մասնակից լինել: Արցախի ժողովուրդն այդ հարցում վճռական է: Այս հանրաքվեով Արցախը ցույց տվեց միջազգային հանրությանը, որ մեկ քայլ առաջ է այլ պետություններից»,- ասել է ամերիկացի դիտորդը:
Բերկլիի համալսարանի ընտրությունների կառավարման հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարին Մաք Դոնալդն իր հերթին ասել է, որ մտահոգված չէ, որ ներառվելու է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում». «Ինձ համար դա էական չէ: Կարծում եմ, որ ժողովրդավարական պետությունները նման ցուցակներ չեն պահում, իսկ Ադրբեջանը հեռու է ժողովրդավարությունից: Ասեմ ավելին՝ իմ անունը վաղուց արդեն այդ ցուցակում է»: