Արմինֆո.Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի ճանաչում Արցախում անցկացված հանրաքվեն:
«Վրաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը, հետևաբար՝ չի ճանաչում այնտեղ անցկացված, այսպես կոչվածմ հանրաքվեն և/կամ դրա արդյունքները»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Ըստ որում, Վրաստանի ԱԳՆ-ում նշել են, որ անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների պահպանմամբ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում 69540 ընտրող «կողմ» է քվեարկել նոր սահմադրությանը: ԼՂՀ ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, «դեմ» քվեարկել է 7686 ընտրող (9,7%): 2202 քվեաթերթիկ (2,8%) ճանաչվել է անվավեր : Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 79425 ԼՂՀ քաղաքացի` ձայնի իրավունք ունեցող 103793-ից: Հանրաքվեի ընթացքին հետևել է 104 օտարերկրյա դիտորդ` աշխարհի 30 երկրներից, ինչպես նաև` 103 տեղացի դիտորդ:
Հիշեցնենք, որ հանրաքվեին ներկայացված հարցը ձևակերպված է այսպես. «Արդյո՟ք համաձայն եք, որպեսզի ներկայացված Արցախի Հանրապետության սահմանադրության նախագիծն ընդունվի որպես Արցախի Հանրապետության սահմանդրություն»: Գործող սահմանադրության համաձայն, ԼՂՀ կիսանախագահական հանրապետություն է, նոր սահմանադրության նախագիծը ենթադրում է կառավարման նախագահական ձև` օրենսդիր իշխանության լայն լիազորություններով: