Արմինֆո. Արցախի ժողովուրդն իր վճռական «այոն» ասաց նոր սահմանադրությանը: Փետրվարի 21-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Արցախ-Եվրախորհրդարան բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը:
«Հանրաքվեի նախնական արդյունքներն ինքնին խոսուն են: Մենք եղել ենք Ասկերանում, Ստեփանակերտում, տեսել ենք, որ հանրաքվեն անցնում է դրական հունով, առանց խախտումների, մեծ հաշվով, համապատասխանում է Արևմտյան Եվրոպայում գործող նորմերին: Հանրաքվեին քաղաքացիների մասնակցությունը բավականին տպավորիչ է` շուրջ 76%: Դա էական արդյունք է Հարավային Կովկասի համար», -ասել է Էնգելը: Ընդ որում, նա հավելել է, որ հանրաքվեի միջազգայնորեն ճանաչված չլինելը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին չի խանգարում ապրել ու բարգավաճել, սեփական ապագան կառուցել ժողովրդավարական արժեքների հիման վրա: Եվրոպացի խորհրդարանականը նաև կարծում է, որ անցած հանրաքվեն ուղղակի առնչություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Անդրադառնալով այն հանգամանքին, որ բոլոր միջազգային դիտորդները կհայտնվեն Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում», Էնգելն ասել է. «Ես մտադիր չեմ իմ հաջորդ արձակուրդն Ադրբեջանում անցկացնել: Ինձ բազմիցս վախեցրել են այդ ցուցակով, սակայն դա ինձ չի մտահոգում: Հուսով եմ, ես շուտով կվերադառնամ այստեղ»:
Եվրամիություն-Հայաստան համագործակցության հանձնաժողովի համանախագահ Էլենի Տեոխարուսն, իր հերթին, ասել է, որ հանրաքվեի արդյունքները շատ ուրախալի են: «Հանրաքվեն անցել է միջազգային նորմերին համապատասխան: Ես կարծում եմ, որ այս հանրաքվեն սկիզբ կդնի Արցախի զարգացման նոր ուղուն», - ասել է նա:
Նախօրեին Լեռնային Ղարաբաղում կայացած սահմանադրական հանրաքվեում 69540 ընտրող «կողմ» է քվեարկել նոր սահմադրությանը: ԼՂՀ ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, «դեմ» քվեարկել է 7686 ընտրող (9,7%): 2202 քվեաթերթիկ (2,8%) ճանաչվել է անվավեր : Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 79425 ԼՂՀ քաղաքացի` ձայնի իրավունք ունեցող 103793-ից: Հանրաքվեի ընթացքին հետևել է 104 օտարերկրյա դիտորդ` աշխարհի 30 երկրներից, ինչպես նաև` 103 տեղացի դիտորդ:
Հիշեցնենք, որ հանրաքվեին ներկայացված հարցը ձևակերպված է այսպես. «Արդյո՟ք համաձայն եք, որպեսզի ներկայացված Արցախի Հանրապետության սահմանադրության նախագիծն ընդունվի որպես Արցախի Հանրապետության սահմանդրություն»: Գործող սահմանադրության համաձայն, ԼՂՀ կիսանախագահական հանրապետություն է, նոր սահմանադրության նախագիծը ենթադրում է կառավարման նախագահական ձև` օրենսդիր իշխանության լայն լիազորություններով: