Արմինֆո.Սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ Արցախի ժողովուրդը հնարավորություն ունի որոշելու իր ապագան: Փետրվարի 21-ին Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Բոլիվիայի դիտորդական առաքելության ներկայացուցիչ Ալիսիա Կանկինը:
«Մենք Լեռնային Ղարաբաղ ենք ժամանել մեր նախագահի ցուցումով: Եղել ենք տարբեր ընտրատեղամասերում, հետևել հանրաքվեի ընթացքին: Ամեն ինչ ընթացել է հանգիստ, երևում է, որ մարդիկ հնարավորություն ունեն ազատորեն արտահայտելու իրենց կամքը. դա ժողովրդավարական սկզբունքների կարևոր տարր է, որն այստեղ լիովին ապահովվում է», - նշել է բոլիվացի դիտորդը: Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ Արցախի ժողովուրդը հանրաքվեից հետո կընտրի իր նոր քաղաքական ուղին:
Բոլիվացի մեկ այլ դիտորդ` Նելլի Նենսինը, փաստել է, որ ընտրական գործընթացներին քաղաքացիների մասնակցության հնարավորությունն էլ հենց ժողովրդավարություն է: «Անցած հանրաքվեն լավագույնս ցույց տվեց մարդու իրավունքների և ազատությունների ապահովումն այդ երկրում», - ասել է նա:
Նախօրեին Լեռնային Ղարաբաղում կայացած հանրաքվելում 69540 ընտրող «կողմ» է քվեարկել նոր սահմադրությանը: ԼՂՀ ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, «դեմ» քվեարկել է 7686 ընտրող (9,7%): 2202 քվեաթերթիկ (2,8%) ճանաչվել է անվավեր : Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 79425 ԼՂՀ քաղաքացի` ձայնի իրավունք ունեցող 103793-ից: Հանրաքվեի ընթացքին հետևել է 104 օտարերկրյա դիտորդ` աշխարհի 30 երկրներից, ինչպես նաև` 103 տեղացի դիտորդ:
Հիշեցնենք, որ հանրաքվեին ներկայացված հարցը ձևակերպված է այսպես. «Արդյո՟ք համաձայն եք, որպեսզի ներկայացված Արցախի Հանրապետության սահմանադրության նախագիծն ընդունվի որպես Արցախի Հանրապետության սահմանդրություն»: Գործող սահմանադրության համաձայն, ԼՂՀ կիսանախագահական հանրապետություն է, նոր սահմանադրության նախագիծը ենթադրում է կառավարման նախագահական ձև` օրենսդիր իշխանության լայն լիազորություններով: