Արմինֆո.Առանց բանակցություններին Ստեփանակերտի անմիջական մասնակցության, ղարաբաղյան հակամարտութան կարգավորումը հնարավոր չէ, «ՌԻԱ Նովոստիին» հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարի խոսքով, տարածաշրջան իրենց այցերի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ: «Լեռնային Ղարաբաղն իրականում ներգրավված է բանակցային գործընթացում, բայց տվյալ փուլում ոչ լիարժեք ձևաչափով, այսինքն՝ չկան ղարաբաղյան կողմի անմիջական բանակցություններ ադրբեջանական կողմի հետ ՝ վերջինիս ցանկության բացակայության պատճառով»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարի խոսքով, դա հիանալի հասկանում և այդ մասին խոսում են միջնորդները: «Ադրբեջանական կողմը պարզապես ձևացնում է, թե իբր չի հասկանում՝ գլուխն ավազի մեջ թաքցնելով, չնայած վերջին տարիներին քննարկվող բոլոր աշխատանքային փաստաթղթերում ամրագրված է հակամարտության համապարփակ կարգավորման մասին համաձայնության մշակման հարցում ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցությունը»,- ասել է նախարարը: