Արմինֆո.Սահմանադրական հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական արժեքների և սկզբունքների ամրապնդման նպատակ է հետապնդնում: Փետրվարի 20-ին լրագրողներին այդ մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Այսօր այս ընտրությամբ մենք միջազգային հանրությանը ցույց ենք տալիս, որ ունենք ձևավորված պետություն, որը ձգտում է սահմանադրական բարեփոխումների, որոնք ժողովրդավարական արժեքների և սկզբունքների ամրապնդման նպատակ են հետապնդնում», - նշել է Արայիկ Հարությունյանը:
Նա նաև խորհուրդ է տվել ավելի խորն ուսումնասիրել նոր սահմանադրությունը, քանի որ կառավարման նախագահական ձևը ոչնչով չի զիջում խորհրդարանականին` ժողովրդավարության տեսանկյունից: Նրա ասելով, տարբերություն կա Հայաստանի և ԼՂՀ սահմանդրությունների միջև: «Պառլամենտարիզմի տեսանկյունից օրենսդիր մրամնին տրված են բավականին լայն լիազորություններ», - նշել է նա: Հարությունյանը նաև հավելել է, որ կառավարման այդ մոդելն ընտրվել է` ելնելով Արցախի առջև ծառացած սպառնալիքներից: Անդրադառնալով հանրաքվեի անցկացման առնչությամբ միջազգային քննադատությանը` Հարությունյանը նշել է, որ այն անցկացվում է, նախևառաջ, ԼՂՀ ու նրա ժողովրդի համար` ավելի կատարյալ պետություն կառուցելու նպատակով:
Խոսելով ապրիլյան պատերազմից հետո Թալիշ համայնքի վերականգնման մասին` Հարությունյանը նշել է, որ վերականգնման գործընթացն ընթանում է բնականոն հունով, անշտապ, քանի որ որոշակի խնդիրներ կան ռազմարական տեսանկյունից:
Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Ռայներ Մորելը, ով Արցախում է միջազգային դիտորդների թվում, իր հերթին, հայտարարել է, թե եկել է տեղում ծանոթանալու հանրաքվեի ընթացքին և բուն Արցախին: «Ուզում եմ տեսնել, թե ժողովուրդն ինչպես է իրեն դրսևորում նման կարևոր քաղաքական իրադարձության ժամանակ, և` թե որքանով արդյունավետ են այստեղ գործում ժողովրդավարական ինստիտուտներըհ», - նշել է նա: Նախկին դեսպանի ասելով, նախնական փուլում ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված:
Ավելացնենք, որ ԼՂՀ ԿԸՀ տվյալներով, ժամը 11-ի դրությամբ քվեարկել էր 19475 ընտրող (18,95%): Քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի, ընդհանուր առմամբ, 102757 բնակիչ (69%):