Արմինֆո.«Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ կիրառվող երկակի չափանիշների պրակտիկային պետք է վերջ տրվի, ինչը կօգնի մոտեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»,- Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի «Եվրասիայի թաքնված հիմնախնդիրները» կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով «Վեստնիկ Կավկազա» գործակալության հարցին:
Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի միջուկը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: «Մենք բանակցային գործընթացին ԵՄ անմիջական մասնակցություն չենք ակնկալում, թեև Եվրահանձնաժողովը Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ է նշանակել, որն զբաղվում է հակամարտությունների կարգավորմամբ: ԵՄ-ից և բոլոր երկրներից մենք ակնկալում ենք հետխորհրդային տարածությունում բոլոր հակամարտությունների նկատմամբ միակ ստանդարտ մոտեցմանն աջակցություն: Մենք բարձր ենք գնահատում այն, ինչ տիկին Մերկելն ասաց այսօր տարածքային ամբողջականության մասին, բայց մենք ցանկանում ենք, որ այդ սկզբունքը կիրառվի բոլոր հակամարտությունների, այլ ոչ թե՝ առանձին ընտրվածների նկատմամբ»,- կոչ է արել է նա:
Ըստ որում, Ալիևն ընդգծել է, որ գլխավոր պատճառը, որ Ադրբեջանը չի ստորագրել է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, «բացի այն, որ դա համաձայնագիր չէր, այլ՝ միակողմանի հրահանգներ Բաքվին», այն էր, որ փաստաթղթում հստակ դիրքորոշում չկար ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»:
Մյունխենի խորհրդաժողովում իր ելույթում Ալիևը դժգոհել է նաև ԵՄ կողմից երկկակի չափանիշների կիրառումից: «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառեցին Ուկրաինայում տեղի ունեցածի համար, իսկ Հայաստանին պատժամիջոցների չենթարկեցին այն բանի համար, ինչ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ: Իհարկե, դա հակամարտության ակնթարթային կարգավորման չի հանգեցնի, բայց եթե մենք համատեղ ջանք գործադրենք և ճնշում գործադրենք ագրեսորի Հայաստանի վրա, որպեսզի այն ազատի հողերը, կարծում եմ, կհաջողվի հասնել խնդրի շուտափույթ կարգավորման»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով ԼՂՀ վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի կատարման անհրաժեշտությունը: Նա նաև հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ ավելի ակտիվ կգործի:
Անդրադառնալով Արցախում սահմանադրական հանրաքվեին՝ Ալիևը հայտարարել է, որ այն անօրինական է: «Բոլոր երկրները հստակ դիրքորոշում ունեն, որ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ սուբյեկտ, և այդ հանրաքվեների արդյունքները»,- ասել է Ալիևը: