Արմինֆո. Արցախի նախագահ Բակո Սահակյանը, խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը հանդիպումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղում անցկացվող սահմանադրական հանրաքվեի ընթացքին հետևող օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում
քննարկվել է հանրաքվեի ընթացքը, բարեփոխումների նախագիծը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրավճակը:
Նշենք, որ այս օրերին ԼՂՀ-ում են գտնվում՝ Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը, Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելը և Յարոմիր Շտետինան, Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Ռայնել Մորելը, խորհրդարանական պատվիրակություններ Բոլիվիայից, Արգենտինայից, Բուլղարիայից, պատվիրակություններ Բելգիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Չեխիայից, Սլովենիայից, Լատվիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Մեծ Բրիտանիայից և նույնիսկ Պակիստանից, որը մինչև հիմա չի ճանաչել Հայաստանի անկախությունը, ինչպես նաև չճանաչված հանրապետություններից՝ Մերձդնեստրից, Աբխազիայից և Հարավային Օսիայից: Ընդհանուր առմամբ հանրաքվեի ընթացքին հետևում է 104 օտարերկրյա դիտորդ` աշխարհի 30 երկրից:
Նշենք, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, հայտարարել են, որ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը, սակայն հանրաքվեի անցկացումը համարում են չճանաչված հանրապետության ներքին գործը: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ենթադրում է կառավարման նախագահական ձև` օրենսդիր իշխանության լայն լիազորություններով: