Արմինֆո.Արցախում սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվեին ակտիվությունը բավականին բարձր է, լրագրողներին հայտարարել է Աբխազիայի ազգային ժողովի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիան, ով ԼՂՀ հանրաքվեի ընթացքի դիտրակում է անցկացնում:
«Ես ողջ գիշեր ուսումնասիրել եմ նոր սահմանադրությունը և կարծում եմ, որ այդ փաստաթուղթը լուրջ առաջընթաց քայլ է մարդու իրավունքների պահպանման տեսակետից: Դա ժամանակակից է, քաղաքակիրթ և ժողովրդավարական: Մենք ողջունում ենք այս հանրաքվեն», - ասել է նա:
ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի ընթացքին հետևում է 104 օտարերկրյա դիտորդ` աշխարհի 30 երկրներից, ինչպես նաև` 103 տեղացի դիտորդ: Հիշեցնենք, որ հանրաքվեին ներկայացված հարցը ձևակերպված է այսպես. «Արդյո՟ք համաձայն եք, որպեսզի ներկայացված Արցախի Հանրապետության սահմանադրության նախագիծն ընդունվի որպես Արցախի Հանրապետության սահմանդրություն»: Գործող սահմանադրության համաձայն, ԼՂՀ կիսանախագահական հանրապետություն է, նոր սահմանադրության նախագիծը ենթադրում է կառավարման նախագահական ձև` օրենսդիր իշխանության լայն լիազորություններով: