Արմինֆո.ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանն Ադրբեջանին խորհուրդ է տվել հաղթահարել հոգեբանական արգելքը` հանրապետությունում անցկացվող սահմանադրական հանրաքվեի առնչությամբ:
«Դա մեր հարևանների (Ադրբեջան – խմբ.) խնդիրն է, որ չեն ընդունում հանրաքվեի արդյունքները: Որքան շուտ նրանք հաղթահարեն այդ հոգեբանական արգելքը, այնքան ավելի լավ», - հայտարարել է Ղուլյանը փետրվարի 20-ին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում` 1.8 ընտրատեղամասում կատարելով իր քաղաքացիական պարտքը:
Խոսելով, ընդհանուր առմամբ, նոր սահմանադրության մասին` օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ ԼՂՀ նոր հիմնական օրենքը թույլ կտա հանրապետությունը բարձրացնել զարգացման նոր մակարդակի` ինչպես ներքին կառոևցվածքի, այնպես էլ արտաքին սպառնալիքներին դիմակայության տեսանկյունից: Նա ընդգծել է, որ արցախցիները, ինչպես 29 տարի առաջ, շարունակում են մնալ ժողովրդավարության և ազատության կրող: «Այսօր տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը վտանգված է միայն մեկ կողմից` Ադրբեջանի կողմից: Լավ կլիներ, եթե Իլհամ Ալիևն այդ հարցին նայեր հենց այդ ռակուսից», - նշել է նա:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Սրցախում սահմանադրական հանրաքվեի առնչությամբ հայտարարել է, թե այն միանգամայն ապօրինի է, և ոչ մի երկիր այն չի ճանաչում: «Ռուսաստանը, ԱՄՆ, Ֆրանսիան ու Եվրամիությունն արդեն հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ սուբյեկտ, և հանրաքվեի արդյունքները չեն ճանաչի», - ընդգծել է Ալիևը:
Չնայած այդ հանգամանքին` Արցախում սահմանադրական հանրաքվեին հետևում է 104 օտարերկրյա դիտորդ: Դիտորդներից զատ, եվրոպական երկրներից և Եվրախորհրդարանից դիտարկումն իրականացնում են նաև Պակիստանի և Բելառուսի ներկայացուցիչներ: Սահմանադրական բարեփոխումների փաթեթը նախատեսում է կառավարման կիսանախագահական համակարգից ԼՂՀ անցում նախագահական համակարգի: