Արմինֆո.Չնայած Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա քաղաքացիների այցին խոչընդոտելու Ադրբեջանի փորձերին՝ կանադացի նախկին խորհրդարանական Ջիմ Կարիգիանիսը մտադիր է մոտ օրերս այցելել Արցախ՝ որպես ԼՂՀ սահմանադրական հանրաքվեում միջազգային դիտորդ: Նշենք, որ Արցախի Հանրապետությունում կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախապատրաստմանն ու անցկացմանը դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար փետրվարի 19-21-ը Ստեփանակերտ կգործուղվի ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը:
Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն նշանակվել է 2017 թվականի փետրվարի 20-ին: Առաջարկվող հայեցակարգը նախատեսում է կառավարման կիսանախագահական մոդելից անցում նախագահականի: Շատ երկրներ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանը և Ֆրանսիան, արդեն հանդես են եկել հայտարարություններով, որ չեն ճանաչում Արցախը՝ որպես ինքնիշխան երկիր՝ այնուամենայնիվ, ընդգծելով, որ հանրաքվեի անցկացումը չճանաչված հանրապետության ներքին գործն է: