Արմինֆո.Ես դեմ եմ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, լրագրողների հետ զրույցում ասել է թուրք քաղաքագետ Ալի Բայրամօղլուն:
«Ես մտավորականության առաջին ներկայացուցիչներից մեկն եմ, ով հայտարարել է, որ դեմ է Թուրքիայի այդ քաղաքականությանը»,- նշել է քաղաքագետը:
Խոսելով ընդհանուր առմամբ հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նա նշել է, որ դրանք գտնվում են բարդ փուլում, և Թուրքիայում ճգնաժամն անհնար է դարձնում սահմանի բացման, ժողովրդավարության, խոսքի ազատության շուրջ քննարկումները:
Բայրամօղլուն համոզված է նաև, որ «հայկական հարցերը» քննարկվում են երկու մակարդակով՝ պետական, որը փակուղում է գտնվում, և հասարակական, որն ակտիվացավ 2008 թ. լրագրող Հրանտ Դինքի սպանությունից հետո: Քաղաքագետը գտնում է նաև, որ Թուրքիայում որոշակի լարվածություն և հուզական վերաբերմունք կա ցեղասպանության հարցի նկատմամբ, ինչը պայմանավորված է Սիրիայում խորացող ճգնաժամով, քրդական խնդրով, երկրում ձախողված հեղաշրջմամբ:
Անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավոր Կարո Փայլյանի հասցեին սպառնալիքներին՝ քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում: «Իհարկե, «բանտից և աղքատությունից ոչ ոք ապահովագրված չէ», սակայն ամենավտանգավորն ստեղծված իրավիճակում այն, որ Փայլյանը «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունն օգտագործեց Մեջլիսում ելույթի ժամանակ, ինչի առնչությամբ քաղաքական երեք ուժեր միավորվեցին նրա դեմ և զրկեցին նրան օրենսդիր մարմնի երեք նիստերին մասնակցությունից»,- նշել է նա: