Արմինֆո. Կալանավորված ակտիվիստ Անդրեաս Ղուկասյանը պատգամավորության թեկնածու կառաջադրվի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակով:
Ղուկասյանին իր ցուցակում ներառել է «Ժառանգություն» կուսակցությունը, որը դաշինքի կազմում է: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից իր հայտարարությունում Ղուկասյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր ես միանում եմ ընդդիմադիր կուսակցությունների պայքարին` որպես անկախ և անկուսակցական թեկնածու»: Նա «Ժառանգություն» կուսակցությանը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու համար:
Հիշեցնենք, որ Անդրեաս Ղուկասյանը կալանավորվել է 2016 թվականի հուլիսին` Երևանում ՊՊԾ գնդի գրավումից հետո զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Նա արդեն վեց ամիս կալանավայրում է: Ղուկասյանը, նույնիսկ, հացադուլ էր հայտարարել արդարության հասնելու նպատակով: Նույն մեղադրանքով նրա հետ կալանավորված մյուս ակտիվիստները, «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Դավիթ Սանասարյանն ազատ են արձակվել: Իսկ այժմ ընդդիմադիր ուժերը նրան համարում են քաղբանտարկյալ: