Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և պատերազմն իրավիճակից ելք չէ, կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել ինչպես տեղերում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում, բնակչությանը նախապատրաստել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, այդ մասին ասվում է փետրվարի 16-ին Մյունխենում անվտանգությանը նվիրված խորհրդաժողովի հարթակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումների արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) տարածած հայտարարությունում: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը:
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հետ քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի և շփման գծի երկայնքով առկա իրավիճակը: Նրանք կոչ են արել խստագույնս պահպանել 1994-95 թվականների հրադադարի ռեժիմի շուրջ համաձայնագրերը և հիշեցրել են Դովիլում իրենց երկրների նախագահների համատեղ հայտարարության մասին, ընդգծելով, որ ուժի կիրառումը միայն նոր տառապանքներ ու ավերածություններ կբերի եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից:
«Համանախագահները կողմերի հետ կարծիքներ են փոխանակել այն քայլերի շուրջ, որոնք պետք է իրագործվեն 2016-ին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, որոնք նպատակ ունեն կայունացնել իրավիճակը հակամարտության գոտում։ Համանախագահներն ընդգծել են նախարարների կողմից ճկունություն դրսևորելու և համընդգրկուն բանակցություները վերսկսելու անհրաժեշտությունը` հակամարտության շուտափույթ և տևական կարգավորման հասնելու համար», - ասվում է միջնորդների հայտարարությունում։ Միևնույնն ժամանակ, համանախագահները դրական են գնահատել ադրբեջանցի զինծառայողի դիակը հայրենիք վերադարձնելու Հայաստանի իշխանությունների մարդասիրական քայլը:
Հայաստանի և Ադրբեջանի նախարարներն, իրենց հերթին, վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ խստորեն հետեւելու իրենց ստանձնած միջազգային հումանիտար պարտավորություններին, այդ թվում` 2010 թվականի հոկտեմբերի Աստրախանի հռչակագրին:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նաև ընդգծել են, որ տեղյակ են, փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի մասին: «Թեեւ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները դիտարկում են նման ընթացակարգի կիրառման հնարավորությունը, ձգտելով կազմակերպել սեփական բնակչության հանրային կյանքը, ոչ մի երկիր, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը, չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ, ինքնիշխան պետություն: Հետևաբար, համանախագահները չեն ճանաչի առաջիկա հանրաքվեի արդյունքները` Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդելու տեսանկյունից: Հանրաքվեի արդյունքները չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների ելքը, որոնք նպատակաուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը», - ասվում է համանախագահների հայտարարությունում:
Համանախագահները նաև հաղորդել են, որ ծրագրում են մարտին այցելել տարածաշրջան։