Արմինֆո. Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, քննարկվել են արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։
Նույն օրը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ: Նախարար Նալբանդյանը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է առ այն, որ, հակառակ հանձնառությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ պահանջների, Ադրբեջանը շարունակում է 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի խախտումները՝ դրանք զուգորդելով ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու սպառնալիքներով։
Զրուցակիցները շեշտել են Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը: