Արմինֆո.Հայաստանն ընդունել է օտարերկրյա քաղաքացիների ներքին անձնագրերով մուտքի կարգ: Համապատասխան որոշումը հավանության է արժանացել փետրվարի 16-ին կառավարության նիստում:
Ինչպես պարզաբանել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, բոլոր այն դեպքերում, երբ ՀՀ միջպետական համաձայնագրերով նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների ներքին անձնագրերով հանրապետության տարածք մուտքի հնարավորություն, նախարարների կաբինետը կսահմանի առանց անձնագրերում նշումների սահմանը հատելու նոր կարգ: «Հակառակ դեպքում ԿՓԱ անվավեր կլինի բնակության այն երկրում, որը չի նախատեսում ներքին անձնագրում նման նշում կատարելու հնարավորություն», - հայտարարել է նախարարը:
Բացի այդ, այսուհետև տվյալ օտարերկրյա քաղաքացու ներքին անձնագիրը կհամարվի ՀՀ-ում նրա անձը հաստատող փաստաթուղթ: «Այդ որոշումը կխթանի ներգնա զբոսաշրջության զարգացումը Հայաստանում, մասնավորապես` Ռուսաստանից», - հայտարարել է Արփինե Հովհաննիսյանը: Նախագիծը համաձայնեցվել է Հայաստանի ԱԱԾ և ԱԳՆ հետ:
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ՌԴ պաշտոնական այցի արդյունքում, ի թիվս այլ փաստաթղթերի, ստորագրվել են ներքին անձնագրերով քաղաքացիների փոխադարձ ուղևորությունների շուրջ համաձայնագրի փոփոխությունները: Արդյունքում` ՌԴ և Հայաստանի քաղաքացիները միմյանց կարող են այցելել ներքին անձնագրերով:
Հավելենք նաև, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն մինչև 2020 թիվը մտադիր է կրկնապատկել օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը Հայաստան: Հայաստանի զբոսաշրջության հատվածը 2016 թվականը փակել է 5,7% աճով: Տարվա ընթացքում հանրապետություն այցելել է 2.867 մլն օտարերկրյա քաղաքացի, որոնցից 1.259 մլն` զբոսաշրջտության նպատակով: Հայաստանի զբոսաշրջության աճի ապահովման գործում առավելագույն դերը պատկանում է Ռուսաստանին, Իրանին, ԱՄԷ-ին, Չինաստանին և այլն: Ընդ որում, իրանցի զբոսաշրջիկների թիվը 2016 թվականին ավելացել է 30%-ով, իսկ ռուսաստանցիներինը` 2,3%-ով` նախորդ տարվա 6% անկման դիմաց: Պետական կոմիտեում դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի վրա ազդող լրացուցիչ գործոններ են հնամարում Իրանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը և Ռուսաստանի քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք ներքին անձնագրերով: Միևնույն ժամանակ, տվյալ փուլում քննարկումներ են վարվում Պարսից ծոցի երկրների քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ կիրառելու շուրջ, իսկ չինացի զբոսաշրջիկների համար ստեղծվում են մաքսակետերում վիզա ստանալու հանարավորություններ: